26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր իշխանություններին վարկաբեկելու առաջադրանք չկա. ինչու են ՀԿ-ները «ռուբիլնիկից» անջատվել

«Քանի որ հիմա խաղի կանոնները այնպիսին էին, որ ԶՈՒ-երի բոլոր մահերի մասին խոսում էին, չհայտնելը տպավորություն է ստեղծում, որ թաքցնելու փորձ կա: Կոնկրետ այս դեպքում,  ՊՆ-ն պետք է միջադեպի մասին հայտներ, սա հարց է, որը պետք է լուսաբանվի»,-Henaran.am –ի հետ զրույցում ասում է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով զինվորի մահվան դեպքը հանրությանը չհայտնելու վերջին օրերի խնդրին:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն և Քննչական կոմիտեն ավելի քան մեկ ամիս թաքցրել են պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահը: Նա հրազենային վնասվածքից մահացել է հունվարի 1-ի գիշերը զորամասի մարտական դիրքի պահպանության ժամանակ: ՊՆախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը զինվորի մահը թաքցնելը բացատրել է այսպես. «Հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, այս պարագայում (մահվան մասին ժամանակին հայտնելը-Մ. Ա.) քննությանը կխանգարեր»: Իսկ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ դեպքը գաղտնի չեն պահել, ուղղակի չեն հայտնել: 

Դեպքի մասին հանրությանը հայտնի  էր դարձել Tert.am-ի հրապարակաումից հետո: Պաշտպանության նախարարությունից Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին. «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»: ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է, որ ժամանակին ԶՈՒ-երի ցանկացած կորուստ հանրությանը հայտնելու թեման ժամանակին մի  շարք ՀԿ-ների եւ դրամաշնորհային ակտիվիստների բարձրացրած խնդիրն էր: «Օրինակ, մարդը տանը մահանում էր ինֆարկտից, փորձում էին մի մեծ թեմա սարքել, թե ինչու չեք հայտնում, միեւնույնն է դա ԶՈՒ-երի կորուստ է: Այդպես կորուստների թեման օրակարգային դարձավ եւ, ընդ որում, դա այնպիսի էմոցիոնալ դրսեւորումներով էր ներկայացվում, հատուկ հուզականության ուղեկցությամբ, որը բավականին բացասական ազդեցություն էր թոնում  բանակի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի վրա, զորակոչիկների ընտանիքների վրա , ինչը հետեւողականորեն հատուկ բացասական մթնոլորտ էր ստեղծում»,-ասում է ռազմական փորձագետը:

Նրա խոսքով, ինչպես ցույց են տալիս 2016-17 թթ վերաբերյալ «Ռազմինֆո»-ի՝ դատախազությանն ուղղված դիմումները, միշտ դատախազության տվյալները ավելին են եղել, քան հայտարարվել է ՊՆ-ի միջոցով, որոշ կորուստների, օրինակ վթարների մասին տեղեկացել ենք shamshyan.com-ի միջոցով, բայց  դեպքերը, որոնք տեղի են ունեցել մարտական հետակետում, մշտապես ներկայացվել են հանրույթանը:

«Մարտական հենակետում եղած մահվան դեպքը ՊՆ-ն պետք է հայտնի՝ անկախ նրանից, դա մարտական կորուստ էր, թե ոչ մարտական, ոչ կանոնակարգային հարաբերությունների հետեւանք: Իսկ, օրինակ՝ տանը կատարված միջադեպի, վթարի հետեւանքով մահացության  դեպքերը, որոնք ծառայության հետ ուղղակի կապ չեն ունեցել, կարծում եմ հատուկ լուսաբանման կարիք չունեն»,-նշում է Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ տվյալ դեպքի մասին, եթե ինֆորմացիան տոնական օրերին հայտնվեր, ընթերցողների մեծ մասը նույնիսկ չէր էլ ընթերցելու, սակայն խնդիրն այն է, որ դեպքի մասին հանրությունը տեղեկացել է շուրջ 40 օր անց եւ այն ԶԼՄ-ներն ու կազմակերպությունները, որոնք նախկինում ցանկացած միջադեպ թմբկահարում էին՝ առանց սպասելու հետաքննության արդյունքներին, այժմ լուռ են:

«Այդ հիստերիկ մոտեցումները կարծես հիմա ռուբիլնիկով անջատած են, այդ մասին գրեթե չեն խոսում, խոսելիս էլ 2 հերթապահ նախադասություն են ասում»,-շեշտում է է Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ  որոշ դեպքերում սա կարելի է բացատրել ՀԿ-ական որոշ շրջանակների անձնական կապերով իշխանությունների հետ, ոմանք նոր համակարգում պաշտոններ են ստացել եւ երկրորդ, ակնհայտ էր, որ նախկինում բոլոր միջադեպերի լուսաբանումը ակնհայտորեն նպատակաուղղված գործողություն էր նախկին իշխանությունների դեմ, իսկ նոր իշխանությունների դեմ կարծես թե այդպիսի տեղեկատվական պատերազմ վարելու խնդիր տվյալ շրջանակները չունեն:

Կարեն Վրթանեսյանի խոսքով, ընդհանրապես, նոր իշխանությունների հայտարարությունները, թե իրենք աննախադեպ թափանցիկ են գործում ու հաշվի են նստում հանրության հետ, իրականությանը չեն համապատասխանում: «Դրա բազմաթիվ օրինակները կան, թե անցած տարվա ընթացքում հարցումների ուշացած պատասխանները, թե ԶԼՄ-ներին ճնշելու փորձերը՝ թեկուզ հայտարարությունների մակարդակով, ոստիկանություն հրավիրելու, խուզարկություններ անելու մակարդակով, այդ մասին են վկայում»,-եզրափակում է Կարեն Վրթանեսյանը:

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ ՊՆ-ն տեղեկացրեց նոր զոհի մասին

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ