Վրաստանը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արչիլ Չկոիձե
Հայկական եկեղեցիների խնդիրը Վրաստանում առկա է եւ այն հարկավոր է լուծել` ի օգուտ Վրաստանի քաղաքացի հայերի: Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է “Հերակլ 2-րդ” համայնքի ղեկավար Արչիլ Չկոիձեն, գրում է “Երկրամասը”:
Վրացական ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարը նաեւ շոշափել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: “Կարծում եմ, որ այն երկրում, որտեղ 300 հազար էթնիկ հայ է բնակվում, խելամիտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հատկապես այն փաստի ֆոնի վրա, որ Վրաստանը ճանաչել է չերկեսների ցեղասպանությունը: Դա է պահանջում պատմական արդարությունը: Վրաստանում նաեւ պետք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցվի, ուր կարող են գալ մեր հայրենակից հայերը` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին”: