Սրտային հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցներ են տրամադրվել
ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված ”Պլավիքս (Կլոպիտոգրել) 75մգ” դեղը, որը մեծապես կիրառվում է սրտային հիվանդությունների դեպքում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Ըստ բժշկական ցուցումների` դեղ ստացող բոլոր քաղաքացիները, անկախ սոցիալական խմբից, այն անվճար ձեռք բերելու նպատակով կարող են դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ:
ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։ Նախարարությանը տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։
Կենտրոնացված կարգով ձեռք բերվող և մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով նախարարությունը հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։