Նեղմտություն է վարչապետի պաշտոնը կապել միայն տնտեսագիտության հետ. Աշոտյան
”Կրթության ր գիտության մասին համապատասխան դրույթներ, վստահաբար, լինելու են Կառավարության ծրագրում, հատկապես որ Կառավարության ծրագիրը պետք է տեղավորվի ՀՀԿ նախընտրական և նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի շրջանակներում”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը` պատասխանելով հարցին, թե նորանշանակ Կառավարությունն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի նման մեծ տեղ կտան կրթությանը:
Հարցին, թե ռեգրես է, թե պրոգրես վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի փոխարեն Հովիկ Աբրահամյանի նշանակումը, Աշոտյանն արձագանքեց. ”ՀՀ-ում ամեն ինչ գնում է դեպի պրոգրեսի, իսկ քաղաքական կյանքը պահանջում է զարգացում”: Հարցին, թե Հովիկ Աբրահամյանը որպես տնտեսագետ ավելի բարձր մակարդակ ունի՞, քան Տիգրան Սարգսյանը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. ”Ես տնտեսագետ չեմ և չեմ կարող համապատասխան գնահատականներ տալ: Հատկապես ուզում եմ շեշտել, որ, կներեք արտահայտությանս համար, քաղաքական նեղմտություն է վարչապետի պաշտոնը կապել միայն տնտեսագիտության հետ, որովհետև վարչապետը քաղաքական ֆիգուր է, իհարկե որոշակի մասնագիտական հմտություններ է պահանջում կառավարման, քաղաքական կյանքի և ֆինանսատնտեսական ոլորտի և այլ ոլորտների”: