Պետք է խնդրեմ, որ շարունակեք այդ արժանապատիվ գործը. Հովիկ Աբրահամյան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/hovik_1397662100.jpg)
Ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ոստիկանության 96-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ՀՀ ոստիկանության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ՀՀ վարչապետը բարձր է գնահատել համակարգում իրականացվող բարեփոխումներն ու մոտեցումները:
“Դուք շատ լավ գիտակցում եք, որ այսօր մեր հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի ոստիկանության համակարգից: Ես տեսնում եմ այն առաջընթացը, այն դրական տեղաշարժը եւ այն վստահությունը, որ ձեւավորվում է հասարակության մոտ ոստիկանի նկատմամբ: Դա մեծ հպարտություն ու պատիվ է ձեզ համար եւ պետք է խնդրեմ, որ շարունակեք այդ արժանապատիվ գործը”,-ասել է Հ.Աբրահամյանը:
Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի բոլոր դրական նախաձեռնություններին, որպեսզի ոստիկանական համակարգն ավելի զարգանա, հասարակական վստահությունն ավելի ամրապնդվի եւ հզորանա:
Ոստիկանության օրվա կապակցությամբ եւ օպերատիվ-ծառայողական գործունեության ու հասարակական կարգի ապահովման գործում ունեցած ավանդի համար Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանին, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանին եւ ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանին: