04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պաշտոնապես հայցեք լրագրողների ներողամտությունը. լրագրողական կազմակերպությունները՝ ԱԺ ղեկավարությանը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ լրագրողների մուտքն Ազգային ժողով սահմանափակելու վերաբերյալ։

«Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի  շենք, ուր տեղի էր ունենում  «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը՝ վարչապետի ու գործադիր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ ԶԼՄ-ների  ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել, ինչին ի պատասխան ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարն ու որոշ պատգամավորներ արգելքը նախ պայմանավորել են ոչ աշխատանքային օրով, ապա՝ նիստի փակ լինելով, հետո էլ՝ վկայակոչել են խմբակցության կողմից հրավերի բացակայությունը։ Մինչդեռ, տվյալ պարագայում բերված պատճառաբանություններից ոչ մեկը չի կարող ընդունելի և համոզիչ համարվել։

Առաջին՝ եթե ոչ աշխատանքային օրով ԱԺ-ում կազմակերպվում է կարևոր քննարկում, ապա ինքնաբերաբար խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը պետք է տարածվի նաև հավատարմագրված լրագրողների վրա։ Երկրորդ՝ լրագրողները կարող են մատնանշել բազմաթիվ օրինակներ, երբ ոչ աշխատանքային ժամերին, մինչև ուշ երեկո, խորհրդարանում շարունակել են կատարել իրենց պարտականությունները։ Երրորդ՝ նիստի դռնփակ լինելը դեռ չի նշանակում, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրավունք չունեն մտնել ԱԺ շենք ու միջանցքներում փորձել մեկնաբանություններ ստանալ պատգամավորներից։ Եվ  չորրորդ՝ հավատարմագրված լրագրողներն այս ամենի համար հրավեր ստանալու կարիք ամենևին էլ չունեն։

Մենք՝ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ փետրվարի 3-ի ֆեյսբուքյան գրառումն առ այն, որ լրագրողներին ներս չթողնելու ցուցում չի եղել, և որ տեղի է ունեցել թյուրիմացություն, ինչի համար ներողություն է խնդրել։ Այդուհանդերձ, տեղի ունեցածը գնահատում ենք որպես ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության անհիմն սահմանափակում և կոչ ենք անում ԱԺ ղեկավարությանը.

  • պաշտոնապես հայցել լրագրողների ներողամտությունը՝ կիրառված արհեստական արգելքի համար,
  • hանձնարարել ԱԺ աշխատակազմի իրավասու ստորաբաժանումներին՝ վերանայել նախորդ խորհրդարանից ժառանգած՝ լրագրողների հավատարմագրման կարգը և նրանց գործունեությանը վերաբերող մյուս նորմատիվ ակտերը,
  • պարտավորեցնել աշխատակազմին՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել ԱԺ-ում լրագրողների գործունեության համար և բացառել ապագայում անհիմն սահմանափակումների դրսևորումները»,-նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության տակ ստորագրել են՝

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն

Երևանի մամուլի ակումբը

Լրագրողների «Ասպարեզ» ակումբը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը

«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան»-ը

Հանրային լրագրության ակումբը

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն

Գորիսի մամուլի ակումբը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ