Օրհներգը փոխելու օրակարգ խմբակցությունում չկա. Լիլիթ Մակունց
Օրհներգը կամ որեւէ խորհրդանիշ փոխելու օրակարգ «Իմ քայլը» խմբակցությունում չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա շեշտեց՝ խորհրդանիշները փոխելու հարցում չափազանց զգուշավոր պետք է լինել. «Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա ես ոչ թե ասել եմ, որ կողմ եմ օրհներգը փոխելուն, այլ ես այն կարծիքին եմ, որ խորհրդանիշները փոխելու հետ կապված պետք է լինեն չափազանց զգուշավոր, չենք կարող ամեն առիթով դիտարկել փոփոխությունների հարցը»,–շեշտեց նա։
Հարցին՝ այսինքն օրհներգը փոխելու հարցը հետաձգվել է, նա հավաստիացրեց, որ նման օրակարգ պարզապես չկա էլ, որ հետաձգվի. «Պաշտոնապես ձեզ հայտնում եմ, որ հետաձգվելու հարց չկա, օրակարգում պարզապես նման հարց չկա»,- ասաց նա:
Հավելենք, որ ավելի վաղ Լիլիթ Մակունցը կարծիք էր հայտնել, որ գործող հիմնը չունի այն ուղերձները, որոնք ինքը կուզենար։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ ՀՀ օրհներգը փոխելու եւ Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու վերաբերյալ. «Միանշանակ է, որ գործող օրհներգը չի վայելում Հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը եւ, եթե ոչ այսօր, ապա ապագայում այն փոխվելու է:
Միանշանակ է, որ Շառլ Ազնավուրի եւ Տիգրան Մանսուրյանի օրհներգի տարբերակները չնայած մեծ համակրանք են վայելում, այնուամենայնիվ, չեն կարող մրցել շարական պարունակող Արամ Խաչատրյանի օրհներգի հետ: Միանշանակ է, որ Խաչատրյանի օրհներգը որոշ մարդկանց մոտ սովետի ուրվականից վախ եւ դիմադրություն են առաջացնում: Փաստ է, որ 2006 թվականին պետությունը որոշել է, որ Խաչատրյանը լավագույն տարբերակն է»,–նշել էր նա: