Չոր հացի ու դեղի փող էլ չեք կամենում, որ աշխատենք. բողոքի ակցիա կառավարության դիմաց /տեսանյութ/
Չոր հացի ու դեղի փող էլ չեք կամենում, որ աշխատենք, կառավարության դիմաց հայտարարեց փողոցային առևտրի արգելքի դեմ բողոքող ցուցարարներից մեկը:
«40 տարի Պրոսպեկտի շուկան եմ կանգնել, շուկան վերավաճառեցիք, էսքան ժողովրդին հանեցիք շպրտեցիք դուրս», – ասաց նա:
Մեկ այլ ցուցարար էլ բողոքեց, որ ոչ քաղաքապետարանում, ոչ էլ կառավարությունում իրենց ոչ ոք չի ուզում լսել:
«Գալիս գնում ենք, նենց տպավորությունա, որ կառավարությունում չկա մեկը, որ գրագետ զբաղվի մեր հարցով, աշխատանքային խումբ կազմի կուլտուրական մեզ հարկային դաշտ բերեն, աշխատենք», – ասաց ցուցարարներից մեկը՝ դիմելով վարչապետի մամուլի խոսանակ Վլադիմիր Կարապետյանին, ով կառավարության շենքի դիմաց հանդիպեց ցուցարարներին՝ լսելու նրանց բողոքները:
Այնուհետև ցուցարարներն իրար հերթ չտալով սկսեցին ներկայացնել իրենց բողոքները՝ նշելով, որ դիմել են քաղաքապետարան, բայց պատասխան չեն ստացել ու տպավորություն է, որ քաղաքապետարանում կամ չեն կարդում իրենց նամակը, կամ էլ այն չի հետաքրքրում քաղաքապետարանին:
«Պետք չի ինձ վրա բղավել, դուք ասեցիք, որ հարց եք բարձրացրել, ես հիմա կգնամ հետամուտ կլինեմ ձեր հարցի պատասխանը ստանալուն», – ասաց Կարապետյանը, ապա հորդորեց ցուցարարներից մեկին, ով լիազորված է բոլորի անունից բանակցություններ վարել, իրեն զանգահարել ժամը 18:00-ին:
Դա հարուցեց ցուցարարների դժոգությունը: «Մինչև էդ մարդկանց աշխատել ա պետք: 6-ին օրը անցած ա: Մեզ հիմա պետք ա հարցը լուծել, որ վաղվանից աշխատենք », – ասաց նա:
Կարապետյանն էլ արձագանքեց. «Մենք ուզում ենք օրենքի երկիր լինի, չէ՞, հիմա ուզո՞ւմ ես զոռբայությամբ հարցը լուծել»: