17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դեսպանը եւ նրա ղեկավարությունը պետք է հստակ իմանան, որ Հայաստանը տեր ունի եւ այդ տերը հայ ժողովուրդն է

 Նախախորհրդարանն իր տարակուսանքն ու վրդովմունքն է հայտնում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի` օրերս արտահայտած այն մտքի վերաբերյալ, թե ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին “մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով” կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն:

   Նախախորհրդարանը փաստում է, որ հայության եւ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար ընդունելի եւ հարազատ են հայ ժողովրդի ու հայոց պետության գերագույն շահերը` պետական ինքնիշխանության, հայության անօտարելի իրավունքների, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ու երաշխավորման գաղափարները:

  Մեզ բարեկամ եւ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի դեսպանի խոսքից կարելի է ենթադրել, որ նա եւ, ամենայն հավանականությամբ` նաեւ նրա ղեկավարությունն այս գաղափարները խորթ են համարում:

   Այդ դեպքում ո՞ր գաղափարներն են նրանց համար ընդունելի եւ հարազատ: Միգուցե` Հայաստանի գաղութացումն ու կեղեքումը, ժողովրդի իշխանության բռնի յուրացումը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարումը սնուցող գաղափարները: Իսկ միգուցե նաեւ` հանցավոր վարչախմբի քրեական բարքերն արտացոլող գաղափարները: Թերեւս:

   Պարոն դեսպանը եւ նրա ղեկավարությունը պետք է հստակ իմանան, որ Հայաստանը տեր ունի եւ այդ տերը հայ ժողովուրդն է ու Հայաստանի քաղաքացին: Եվ որ նրանք են որոշում, թե որ գաղափարներն են խորթ:

   Քանի որ ներկայումս Հայաստանը գաղութացված է, ապա ազգային ազատագրական պայքարի եւ՛ գաղափարները եւ՛ գործողությունները պետք է ուղղված լինեն ինչպես արտաքին գաղութարարների, այնպես էլ նրանց ծառայող ապազգային ու հանցավոր ներքին վարչախմբի դեմ:

   Միեւնույն ժամանակ` Նախախորհրդարանը Ռուսաստանին պատրաստ է համարելու Հայաստանի բարեկամ: Սակայն ինչպես նրա, այնպես էլ այլ պետությունների հետ բարեկամությունը պետք է հիմնված լինի միմիայն ազատ ու ինքնիշխան ժողովուրդների իրավահավասարության եւ ազգային գերագույն շահերի փոխադարձ ճանաչման, այլ ոչ թե գաղութարար եւ խամաճիկ վարչախմբերի ենթակայության վրա:

Նախախորհրդարանն անհարիր ու մեր ազգային արժանապատվության համար անընդունելի է համարում որեւէ դիվանագետի նման վարքագիծը եւ հաստատում է հայ ժողովրդի` ազատ, արդար ու ինքնիշխան պետականության հաստատման իրավունքն ու պարտականությունը:

16.04.2014 թ.

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ