25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օրհներգի փոփոխությունը կեղծ, բայց ավելի շատ վտանգավոր, պառակտիչ օրակարգ է, հասարակության տագնապները շեղելու փորձ. Լիլիթ Գալստյան

Oրհներգի փոփոխությունը կեղծ, բայց ավելի շատ՝ վտանգավոր, պառակտիչ օրակարգ է, գուցեև իրական խնդիրներից հասարակության տագնապները շեղելու փորձ կամ պոպուլիստական ակցիա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: ««Մեր Հայրենիքի» վերատեսության հեղինակներն պարզապես չեն պատկերացնում մեր օրհներգի ուղերձը, կամ տարված անցյալը մերժելու տոտալ մոլուցքով չեն գիտակցում, որ դա ոտնձգություն է մեր՝ հայ ժողովրդի հավաքական իղձերին՝ անկախությանն ու ազատությանը»,- նշեց Լիլիթ Գալստյանը:

– Տիկին Գալստյան, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է հանրային քննարկման հարց դարձնել ՀՀ օրհներգը փոխելու և Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու հարցը: Կոմպոզիտորների միությունը ևս կողմ է արտահայտվել այս փոփոխությանը: Դուք և Դաշնակցությունը ինչպե՞ս եք վերաբերում հարցին:

– Օրհներգը երաժշտագիտական կամ գեղագիտական քննարկման առարկա չէ։ Եվ ոչ էլ կարիք կա Արամ Խաչատրյան համաշխարհային մեծության անունը շահարկել այս համատեքստում։ Օրհներգը պետական խորհրդանիշ է, որի թիկունքում կա անցյալ, կա պատմություն, ազգային ճակատագիր և տեսլական։ «Մեր Հայրենիքի» -ի վերատեսության հեղինակներն իմ տպավորությամբ պարզապես չեն պատկերացնում մեր օրհներգի ուղերձը, կամ, տարված անցյալը մերժելու տոտալ մոլուցքով, չեն գիտակցում, որ դա ոտնձգություն է մեր՝ հայ ժողովրդի հավաքական իղձերին՝ անկախությանն ու ազատությանը։ Քաղաքական կոնտեքստն է խիստ կարևոր. պետք չի թաքնվել մելիզմների կամ երաժշտագիտական այլ  եզրույթների հետևում։ Պարզապես չի  կարելի մերժել անցյալը, մենք գալիս ենք այդ անցյալից, «Մեր Հայրենիքի» բովանդակային ուղերձով է կերտվել Հայաստան պետությունը, որի ժառանգորդն ենք, իրավահաջորդը։ Իսկ այդ ուղերձը սպառված չէ. ազատությունն ու անկախությունը պետությունների համար հարատև ընթացք է. գործ արեք։

– Ի՞նչ նշանակություն ունի «Մեր հայրենիքը» Ձեզ համար: Կարծիքներ կան, որ դուք դեմ եք փոփոխությանը, քանի որ այն ընդունվել է առաջին Հանրապետության ժամանակ, երբ իշխանության էին դաշնակցականները, բայց պե՞տք է կուսակցականացնել օրհներգը, այն համապետական չպե՞տք է լինի:

– Մի՞թե Առաջին հանրապետությունը սոսկ դաշնակցականների հանրապետությունն է։ Սա անթույլատրելի, սխալական, նեղմիտ մոտեցում է։ Այո՛, Դաշնակցությունը, որպես քաղաքական ուժ, կարողացավ, հաջողեց, խիզախեց իրականացնել ու  նյութականացնել հայ ժողովրդի դարավոր երազանքը։ Մեր պետականության ավելի քան վեց հարյուր դար ընդհատված երակը նորոգվեց, որովհետև Դաշնակցությունը կարողացավ առաջնորդել հայ ժողովրդի ազատագրական պայքարը և այն պսակել պետականությամբ։ Բայց այդ պետությունը հայ ժողովրդի պետությունն է։ Ու, երբ Սարդարապատում կամ Վանի հերոսամարտում «Մեր Հայրենիքի» ներքո ազատության և անկախության, ազգային արժանապատվության համար կռիվ էին տալիս, կուսակցական պատկանելությամբ չէին առաջնորդվում։ Դաշնակցությունը իրացրեց հայ ժողովրդի  պետականություն ունենալու բարձրագույն իղձը։

Եվ փորձեք Օրհներգին նայել այդ իղձի, երազանքի իրականացման տեսանկյունից, այդ համատեքստում։ Օրհներգն իր ժանրով ձոն է, ուղերձ, խորհուրդ։ Հենց այնպես չի այն պետական խորհրդանիշ համարվում։ Այն ինստիտուցիոնալ հիշողություն  և խորհուրդ ունի և այդ իմաստով ոչ միայն համապետական է, այլ, նախևառաջ, համազգային։ «Մեր Հայրենիք»-ին և եռագույնին հենց այս խորհրդով, հիշատակով ու սրբացված ակնածանքով է մոտենում սփյուռքը՝  Ազատ, Անկախ հայրենիքի համար նահատակվածների ժառանգները։ Արդյոք այս կեղծ օրակարգի կնքահայրերը գիտակցո՞ւմ են, թե Սփյուռքի հետ մեր հոգևոր, զգացական միասնականության դաշտում ինչ անջրպետ են առաջացնում։

– Պարբերաբար օրհներգի փոփոխության հարցը առաջ է գալիս, Ձեր կարծիքով՝ արհեստական օրակարգ չէ՞ սա: Կարծում եք, որ օրհներգի փոփոխությունը այսօրեական հա՞րց է, թե ավելի կարևոր խնդիրներ կան լուծելու:

–Սա իսկապես կեղծ, բայց ավելի շատ՝ վտանգավոր, պառակտիչ օրակարգ է, գուցեև իրական խնդիրներից հասարակության տագնապները շեղելու փորձ կամ պոպուլիստական ակցիա, էմոցիա գողացող PR ակցիա։

Մեր հասարակությունն այսօր այսպիսի պատվեր չի իջեցրել։  Այսօր մեր ներքաղաքական, նաև արտաքին ճակատի մարտահրավերներն այնքան շատ են, այնքան մտահոգիչ և տագնապեցնող… Դժվար չի նկատել, թե սպասելիքների և իրականության հակադրությունն ինչ հուսահատեցնող էներգիա  է կուտակում ժողովրդի մոտ։  Օրենսդրական և գործադիր ոլորտներում, մեր պետականության բոլոր ինստիտուտներում մի քանի պետության գործ կա անելու, եթե ունեք այդ ինտելեկտուալ  ներուժը, լծվեք պետական շինարարությանը, անկատար օրենքների բարեփոխմանը, սոցիալական արդարության վերականգնմանը։ Իսկապես ամրապնդեք պառլամենտարիզմը մեր երկրում։ Ի վերջո  պառլամենտարիզմի և կառավարման թեմաներով սեմինարներ կազմակերպեք խորհրդարանական համակարգի անցած երկրի  պատգամավորների և մարզպետների համար։

Չեմ հուսահատվում, հավատացել եմ հեղափոխությանը, նրա հաջողությունը մեր պետության հաջողությունն է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ