Յուրաքանչյուրը իր հոգու խորքում ամեն օր է գնահատում ոստիկանի դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքը.Տարոն Մարգարյան
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է ոստիկանության տոնի կապակցությամբ:
“Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերան ոստիկաններ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց իր հոգու խորքում ամեն օր է գնահատում այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքը, որ կատարվում է ձեր կողմից: Եվ դա պատահական չէ, քանզի դուք՝ ձեր անուրանալի ներդրումն ունենալով մեր պետականության կայացման գործում, այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել թե՛ պետությանը, եւ թե՛ մեր ժողովրդին:
Որպես Երեւանի քաղաքապետ նաեւ վստահորեն կարող եմ ասել, որ Երեւանն այսօր աշխարհի այն քիչ քաղաքներից մեկն է, որտեղ հասարակական կարգ ու կանոնը, հարմարավետությունն ու անվտանգությունը պահպանվում են բարձր մակարդակով: Թեկուզեւ այն, որ անգամ ուշ գիշերին մայրաքաղաքի փողոցներում զբոսնելն այսօր իսկապես անվտանգ է, արդեն իսկ լավագույնս փաստում է խոսքերիս ճշմարտացիությունը:
Եվ դա, անշուշտ, ձեր քրտնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքն է, որը, համոզվա՛ծ եղեք, գնահատվում է բոլորիս կողմից:
Մեկ անգամ եւս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ”,-ասված է շնորհավորանքում։