Ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է մեզ
Ես այնպես եմ կարծում, որ ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է մեզ…
Մենք, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմնի փրկությանը: Այս հույսով է, որ փրկվեցինք: Արդ, տեսանելի հույսը այլևս հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա: Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան:
Ճիշտ նույն ձևով էլ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտեմք, թե ինչպե՛ս պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոսում է մեզ համար անմռունչ հառաչանքներով, և Աստված, որ քննում է սրտերը, գիտե, թե ի՛նչ է խորհում Սուրբ Հոգին, որովհետև նա Աստծու կամքի համաձայն է բարեխոսում հավատացյալների համար:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:18, 23-27)