Մեր կառավարությունն Արցախի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում որևէ կառավարություն չի վարել. Նիկոլ Փաշինյան
«Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Արցախի հարցին չենք անդրադարձել, Արցախ կամ Ղարաբաղ անունը չի շոշափվել։ Ինչ վերաբերում է Ալիևի հետ Դավոսում տեղի ունեցած ոչ ֆորմալ հանդիպմանը, ապա արդեն ասել եմ, որ դրանք բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակություն։ Ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող եթե կարդա իմ գրառումը և դրան գումարի պարոն Բոլթոնի թվիթերյան գրառումը… ուղղակի ճիշտ հասկացեք, կոռեկտ չէ, որ ասեմ՝ ինքն էսպես ասաց, ես՝ էսպես։ Տեղեկատվությունն ամբողջը փոխանցված է»,- այսօր ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավոսում իր և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպմանը։
Հարցին՝ Ալիևի հետ Արցախի հարցը քննարկե՞լ եք, Փաշինյանը պատասխանեց, թե չի կարող ասել։
Հաջորդ հարցին՝ Մինսկի խմբի համանախագահների մոտ ցանկություն կա՞ նոր թափ հաղորդել բանակցային գործընթացին, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այդ հարցը գտնվում է արտգործնախարարների օրակարգում։
«Պարոն Ալիևի հետ մենք ասել ենք, որ այդ թեմայով մեր արտգործնախարարներն են աշխատում, նրանք կաշխատեն և համանախագահների հետ մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն, և մենք կորոշենք, թե ինչպես պետք է վարվենք»,- շեշտեց Ն. Փաշինյանը։
ԼՂ հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը փոխառելու մասին մեղադրանքների վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ իր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել և որևէ զուգահեռ և ընհանրություն գտնելու փորձերը նախկինում վարված որևէ քաղաքական ուղեգծի հետ կատարյալ մոլորություն է։
«Մենք չենք կարող քննարկել, նույնիսկ քննարկել տարածքներ՝ խաղաղության դիմաց։ Կարծում եմ՝ մեր կառավարությունը Արցախի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում որևէ կառավարություն չի վարել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։