Ոստիկանության զորքերը ուղեւորվեցին դիրքեր /տեսանյութ/
Վալերիյ Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները։ Նրանք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու և սահմանին ամուր կանգնած արդեն զինակից գործընկերներին փոխարինելու։
«Հպարտանում եմ ձեզնով, որ պատրաստակամությամբ ու պատվով արդեն կանգնել եք դիրքերում և նույն գիտակցմամբ կրկին դիրքեր եք բարձրանալու»․ ոստիկան-սահմանապահներին ուղղված խոսքում ընդգծեց Վալերիյ Օսիպյանը՝ փոխանցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոհունակությունն ու շնորհակալությունը։
Հայրենիքի, ժողովրդի, ընտանիքի, ծառայակից ընկերների առաջ որդիական պարտքը պատվով կատարելու երդմանը հաջորդեց օրհնության կարգը։ Սահման մեկնելու արարողակարգի վերջին կարևորագույն դրվագը շարասյուներով քայլերթն է՝ ոստիկան-զինվորականների հպարտ քայլերթը։
Հաջորդ օրը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի 1033 զորամասում էր՝ Տավուշից վերադարձած ոստիկան-սահմանապահներին դիմավորելու, ողջունելու և շնորհակալություն հայտնելու։
«Ամեն անգամ երջանկության ու հպարտության զգացողությամբ եմ ձեզ դիմավորում․ դուք ապացուցում և ապացուցելու եք, որ ոչ միայն հասարակական կարգը գերազանց պահպանողներ, այլև պրոֆեսիոնալ սահմանապահներ եք»․ իր խոսքում ընդգծեց ոստիկանության պետը։
Մարտական հերթապահության ժամանակ ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարած ոստիկանները Վալերիյ Օսիպյանի հրամանով արժանացան պարգևների։ Ոստիկանության պետի հրամանով առաջնագծում մարտական հերթապահություն կատարած բոլոր ծառայողներն արժանացան նաև դրամական խրախուսանքի։
Արարողությունը եզրափակվեց դիրքերից իջած ոստիկանների խրոխտ քայլերթով։ Վալերիյ Օսիպյանը վերջում հանդիպեց ոստիկան-զինվորականների ծնողներին ու հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով հայրենիքի նվիրյալ որդիներ դաստիարակելու համար։