Է՛յ, անագե զինվորիկ, բավական է
Հայոց բանակը դարձավ 27 տարեկան։ Հայկական զինուժը ծնվեց Ադրբեջանի հետ պատերազմում: Մեր բանակը դժվարին կայացման ճանապարհ անցավ՝ քթի տակ զգալով վառոդի հոտը եւ հակառակորդի դավադիր շունչը: Մշտական բանակաշինության արդյունքում Հայոց բանակն այսօր պետության ամենակազմակերպված ու վստահելի միավորներից է: Մեր բանակն այսօր հաղթանակած բանակ է:
Հասարակության մաս կազմող բանակն այդ հասարակության ծնունդն է՝ նրա բարքերի եւ արատների կրողը: Բանակը ներքաշել ներհասարակական եւ ներքաղաքական խնդիրների ու հակասությունների դաշտ, անթույլատրելի է:
2016 թվականի ապրիլի քառօրյայի պահին, երբ զինվորը չէր լքում մահվանը ընդառաջ գնացող հրամանատարին, իսկ հրամանատարը զոհաբերում էր իրեն փրկելու համար ենթակային, որոշ ուժեր հանրային դաշտ ներարկեցին կասկածի որդը, թե գեներալները թալանում են բանակը ու ման են գալիս ջիպերով:
Թեեւ մեզ համոզել էին, թե անհրաժեշտ պահին ոչ բանակը կկռվի, ոչ էլ նախկին կռվողները զենք կվերցնեն, քառօրյա պատերազմի ժամանակ համաժողովրդական՝ ազգ-բանակ դարձած հայոց բանակը դիմագրավեց անակնկալ հարվածը:
Թշնամին դիրքապահների դեմ գրոհի անցավ մեծաքանակ մարդուժով, հայկական դիրքերի վրա նետեց միայն 120մմ-ից բարձր չափի ավելի քան 30 000 հրետանային արկ, «Գրադ» կայանքներից արձակեց ավելի քան հազար հինգհարյուր արկ:
Չնայած մանրակրկիտ նախապատրաստությանը, անակնկալ ու լայնամասշտաբ գրոհին, թշնամին չհաղթեց, ունեցավ տեխնիկայի շոշափելի կորուստ եւ, ըստ որոշ աղբյուրների, տասն անգամ ավելի զոհ:
Պատերազմը, հարձակվող կողմի խնդրանքով, դադարեցվեց չորս օրից, թշնամու ծրագրերը ձախողվեցին: Բայց զինված ուժերի նվաստացման գործընթացը հանուն սեփական քաղաքական շահի, վայ ընդդիմադիրների եւ շահագրգիռ ուժերի կողմից շարունակվեց, թե՝ Վիգեն Սարգսյանը թող զինվորների համար մայկա, տռուսիկ առնի: Հայաստանի զինվորները անմայկա, անտռուսիկ են: Ահա ինչն է սպառնում մեր երկրին:
Գարնանը իշխանության եկած ընդդիմադիր ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարեց, թե հայ զինվորն այսուհետ «մայկա-տռուսիկի» խնդիր չի ունենալու: Թե որքանով պահեց իր խոստումը Փաշինյանը, զինվոր ունեցող ծնողները վաղուց բարձրաձայնում են: Սրա մասին մեկ ուրիշ անգամ կխոսենք:
2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանում իշխանության են եկել հիմնականում մարդիկ, որոնք տարբեր պատճառներով ազատվել են բանակում ծառայությունից:
Իշխանական ազատամարտիկն էլ հայտարարեց, թե հեղափոխությունն առավել կարեւոր արժեք է, քան Արցախյան գոյամարտում հաղթանակը: Բանակից խուսափած նոր իշխանությունը քրեական գործեր է հարուցել բանակին սեփական կյանքը նվիրաբերած մարդկանց նկատմամբ: Նրանք կամ կալանավորված են, կամ հետախուզման մեջ են կամ ստորագրությամբ են բաց թողնված:
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս, կալանավորված է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:
Միքայել Հարությունյան, գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մեղադրվում է 2008թ. ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Յուրի Խաչատուրով, գեներալ-գնդապետ, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Ազգային Անվտանգության Խորհրդի նախկին քարտուղար, ՀԱՊԿ նախկին Գլխավոր քարտուղար: Մեղադրվում է 2008թ. ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Սեյրան Օհանյան, գեներալ-գնդապետ, ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս: Մեղադրվում է սահմանադրական կարգը 2008 թվականին տապալելու մեջ:
Արթուր Աղաբեկյան, գեներալ-լեյտենանտ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ԼՂՀ նախկին փոխվարչապետ, ԼՂՀ նախագահի խորհրդական, Արցախի հերոս: Մեղադրանք է առաջադրվել «Մարտիկ» հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։
Հայաստանն ունի զինվորական 4 գեներալ-գնդապետ: Նրանցից երեքը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Պատերազմող Հայաստանի ամենաբարձր պաշտոնյան՝ վարչապետը, թշնամի Ադրբեջանի նախագահին, ով հայ զինվորին կրակելու հրաման է տալիս ու հայ սպային կացնահարած ստահակին հերոսի կոչում շնորհում, ոչ ավել ոչ պակաս, հայտարարում է «կիրթ անձնավորություն»:
Միաժամանակ Փաշինյանը գող ու թալանչի է հռչակել հայոց գեներալներին ու ազատամարտի մասնակիցներին՝ «տուշոնկի գող» պիտակով բեւեռացնելով հանրային տրամադրվածությունը ընդդեմ զինուժի:
Մեկ դիպվածով ոտնատակ տվեցին հերոսներին, պատերազմի դաշտով անցած նվիրյալներին, որոնք իրենց կյանքով են ապացուցել հայրենիքին նվիրվածությունը:
Իսկ ի՞նչ են արել բանակի եւ պետության համար Նիկոլ Փաշինյանն ու իր հետ «քայլողները»:
ՀՀ ԶՈւ-ում չեն ծառայել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՔՊ-ական պատգամավորների մեծամասնությունը։
Հ.Գ. Հեքիաթագիր Նիկոլ Փաշինյանը թերեւս կարդացել է Անդերսենի հայտնի հեքիաթը. «Հանկարծ ծխախոտատուփից դուրս է գալիս դևիկը և ասում․ «Է՛յ, անագե զինվորիկ, բավական է այդպես չռես աչքերդ»։ Տեսնելով, որ զինվորիկն իրեն արհամարհում է, դևիկը սպառնում է, որ նրա հետ հաշվեհարդար կտեսնի։ Առավոտյան երեխաներից մեկը զինվորիկին դնում է լուսամուտին, այն հանկարծակի բացվում է, և զինվորիկը ցած է ընկնում։