Տարօրինակ է… մտահոգվելու տեղիք կա. Արսենյանը` վարչապետից ու նախագահի ուղերձից
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դեռ չի կարող ասել` արդյոք նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկարողանա Հայաստանի տնտեսությունը հանել այս վիճակից: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Այս հարցին պատասխանելու համար պատգամավորը պետք է ծանոթ լինի Հովիկ Աբրահամյանի ծրագրին: Սակայն մինչ այժմ նոր Կառավարության ծրագրի մասին խոսել է միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում խոսքերին էլ Արսենյանը հորդորեց հետևել. ‘’Ես ձեզ խորհուրդ կտամ կարդալ Հովիկ Աբրահամյանի նշանակման ժամանակ նախագահի կողմից հնչեցված արտահայտությունները` կապված, թե ինչ է շարունակելու անել և ինչը չի փոխվելու’’:
Դիտարկմանը, թե նկատի ունի նախագահի այն խոսքը, որ իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են, այդ թվում պարտադիր բաղադրիչը, Արսենյանն արձագանքեց. ‘’Այո, այո, ի՞նչ է այնտեղ գրված. մեր տնտեսությանը վերաբերող ոչ մի խոսք չկա, այնտեղ ընդամենը կա խոսք և ուղերձ` հարկային քաղաքականությունը նույն ուղղությամբ ու նույն փիլիսոփայությամբ շարունակելու մասին, իսկ դա նշանակում է` ինչ վերցնենք տնտեսությունից: Այնտեղ չի գրած, որ ամեն ինչ անենք, որպեսզի երկրում մարդիկ կարողանան նոր բարիք ստեղծել, ստեղծել պայմաններ, որ մարդիկ ավելի արդյունավետ աշխատեն, տնտեսական համապատասխան գործիքներ կկիրառվի, որպեսզի ակտիվանա տնտեսության արդյունավետոթյունը: Նման բաներ չկան, տված է հստակ ուղերձ: Հիմա ես ի՞նչ ակնկալիք ունենամ այս պահին’’:
ԲՀԿ պատգամավորը շեշտեց, որ նախագահի խոսքում նաև չի ասվում, որ օրինակ` պետք է Աբրահամյանն ու նոր Կառավարությունն այնպես անեն, որ մեծանա տնտեսվարողների թիվը Հայաստանում: ‘’Չի ասվում` ոնց անենք, որ մեծանա աշխատանքային գործունեության մեջ ընդգրկված մարդկանց թիվը, որ հայկական տնտեսության մրցակցությունը բարձրանա, հայկական ապրանքները դառնան ավելի մրցունակ, տեղ ունենան համապատասխան շուկաներում: Այնտեղ գրված է այն ամենը, ինչը վերաբերում է տնտեսությունից գումար վերցնելուն:
Այդ մոդելն է առաջարկված, տեսնենք` Հովիկ Աբրահամյանն ինչ կասի, ապա կանենք հետևություններ: Ցանկություններ շարադրելով պետք չէ առաջնորդվել, վերջին 20 տարվա ընթացքում անընդհատ բարի ցանկությունները փոխանցում են հաջորդ Կառավարությանը, հետո մյուս Կառավարությանը, և այլն, և այլն, այ այս վիճակի մեջ ենք’’:
Գուրգեն Արսենյանի համար տարօրինակ ուղերձ է նաև նախագահի` ‘’պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված’’ հայտարարությունը: ‘’Տարօրինակ է, որովհետև 2-ն էլ քրեական օրենսգրքի շրջանակներում տեղավորվող գործընթացներ են: Եթե դա է Կառավարության գործունեության սկզբից ուղղված հիմնական թեզերից մեկը, ապա մտահոգվելու տեղիք կա’’:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: