Մենք մեր հեղափոխությունը սոցիալական մեդիայի միջոցով իրականացրինք. վարչապետը՝ Դավոսում /տեսանյութ/
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը:
Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Խաջա Փրասադ Շարմա Օլին, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը: Քննարկումը վարել է The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան քննարկումը վարող Մարտին Վոլֆի հարցի` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում մեկ ամիս առաջ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք գնահատվել են ազատ, ժողովրդավարական և թափանցիկ։ «Եվ հիմա մենք մեծ հաջողություն ենք գրանցել ժողովրդավարության հարցում, բայց մենք նաև մեծ մարտահրավերներ ունենք, ու ամենամեծ մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է։ Գիտեք, որ մենք երկար ժամանակ մեծ խնդիր ունեինք՝ կապված ընտակաշառքի հետ։ Երբ մարդիկ իրենց աղքատության պատճառով ստիպված էին ընտրակաշառք վերցնել։ Իհարկե, հեղափոխությունը մարդկանց ազատեց այդ պարտավորությունից։ Բայց հիմա մենք պետք է մեր քաղաքացիներին ավելի ուժեղ և անկախ դարձնենք տնտեսական առումով։
Գիտեք, որ կա փոքր, միջին բիզնես, բայց մենք պատրաստվում ենք ստեղծել նոր կատեգորիա, ինչպիսին միկրոբիզնեսն է և ազատել նրանց հարկերից՝ հույսով, որ կկարողանանք խրախուսել մեր ժողովրդին, բացատրել մարդկանց, որ ոչ միայն կառավարությունն է պատասխանատու աղքատության հաղթահարման համար, այլ նաև իրենք պետք է ինչ-որ բան անեն։ Մենք ցանկանում ենք խրախուսել մեր ժողովրդին, բայց, իհարկե, նաև ստեղծել իրական հնարավորություններ՝ պայքարելու սեփական աղքատության դեմ։ Այսպիսով, իմ պատասխանն է, որ մեր գլխավոր մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրակայելն է, և մենք հույս ունենք ներգրավել նոր օտարերկրյա ներդրումներ, որովհետև մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ, կարողացանք հիմնել իրական օրենքի պահանջներ, և մենք պատրաստվում ենք պարբերաբար պարզեցումներ կատարել ավելի շատ ներդրումներ գրավելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Հայաստանում ԶԼՄ-ների գործունեությանն ու մամուլի ազատությանը` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Գիտե՞ք, ես իրականում լրագրող եմ, գլխավոր խմբագիր և նախկին քաղբանտարկյալ։ Բայց հիմա կարող եմ ասել, որ Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ։ Բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ, որովհետև կարծում են, որ չափազանցություն է այն միտքը, որ Հայաստանում լրատվությունը լիովին ազատ է, բայց ես կարող եմ պնդել դա։ Եվ գիտեք՝ ես կարծում եմ նորմալ է, որ լրատվամիջոցների և կառավարության կապը պետք է որոշակիորեն լարված լինի, որովհետև տեսնում ենք, որ այժմ ամբողջ աշխարհում ցածր վստահություն կա կառավարության կարողությունների հանդեպ, և դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այժմ հասարակության բոլոր անդամներն ավելի շատ բան գիտեն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, քան նախկինում։
Որովհետև ամեն մանրուք կարող է ազդել մարդկանց հավատի վրա՝ քաղաքական գործիչների, նախարարների հանդեպ և այլն, և այլն»: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ միայն կառավարությունների լիակատար թափանցիկությունը կբարձրացնի կառավարության նկատմամբ վստահության մակարդակը:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերի մասին. «Իրականում մենք մեր հեղափոխությունը սոցիալական մեդիայի միջոցով իրականացրինք, որովհետև մենք մեդիա շրջափակման մեջ էինք և կարողացանք բեկում մտցնել սոցիալական մեդիայի կիրառմամբ։ Այժմ ես շարունակում եմ ունենալ ուղիղ հեռարձակումներ իմ ֆեյսբուքյան էջով: Ինչ վերաբերում է մեդիայի և ազատ, անաչառ ընտրությունների կապին, պետք է ստուգել, թե ինչ գործոններ են ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ մեկ կամ երկու կեղծ նյութերի թողարկումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչը, իհարկե, արդեն մեծ խնդիր է։ Բայց ի՞նչ կարելի է անել այս դեպքում, դա մեծ հարց է: Ես հպարտ եմ նշելու, որ մեր երկիրը ճանաչվել է ազատ համացանցի երկիր, այդ ազատությունը բերում է նորությունների փոխանակման հնարավորություններ կամ թափանցիկություն: Իհարկե, այն բացում է նաև հսկայական դաշտ սխալ, կեղծ նորությունների համար, որն, իհարկե, ազդում է մեր երկրի իրականության ներկայացման վրա ամբողջ աշխարհում։ Ես անկեղծ կլինեմ՝ չգիտեմ ինչ անել այս իրավիճակում։ Եթե որևէ մեկը գիտի, ապա դա բոլորիս համար ուրախալի է»։