05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքից կա 10-15 պրոֆեսիոնալ մարդ, մնացածը քայլած ընկեր, բարեկամ, խնամի ու ծանոթ են

Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ Ադրբեջանում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնց վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Ավելին, այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, Հայաստանում որոշ մարդիկ, չգիտես ինչու, մեծ ոգևորությամբ են ընդունում, ինչը շատ սխալ է։

«Գուցե շատերը չգիտեն, բայց Ադրբեջանում ընդդիմությունն ավելի հայատյաց է և ավելի կոշտ վերաբերմունք ունի Արցախի հարցի լուծման հետ կապված, քան ներկայիս իշխանություններն են։ Այդ պատճառով էլ պետք է ուշադիր լինել և շատ չոգևորվել։ Որպես օրինակ՝ Աբուլֆազ Էլչիբեյի իշխանության գալն էր, երբ բոլորը մտածում են, թե դեմոկրատ է և աջակցություն ունի արևմտյան ուժերի կողմից։ Նա ամենահայատյաց քաղաքական գործիչն է, նույն բանը կարելի է ասել Խադիջա Իսմայելովայի մասին, նույնը վերաբերում է նաև Արիֆ և Լեյլա Յունուսներին։ Լ. Յունուսը եղել է Ադրբեջանի գնդապետ՝ տեղեկատվական գծով և հայատյացության տարածման մեծ ջատագովը»,- ասաց մեդիա փորձագետը։

Անդրադառնալով ՀՀ խորհրդարանի ձևավորմանը, Տիգրան Քոչարյանը նկատեց՝ ինչպես և կանխատեսելի էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր այն մարդկանց, որոնք իր հետ քայլել են, տեղավորել է կա՛մ խորհրդարանում, կա՛մ ավագանիում, և ինչ-որ ձևով փորձել է վարձահատույց լինել նրանց կատարած գործի համար։

«Իմ կարծիքով՝ խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքից կա 10-15 պրոֆեսիոնալ մարդ, իսկ մնացածը քայլած ընկեր, բարեկամ, խնամի ու ծանոթ են, այն, ինչի դեմ ժամանակին պայքարում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Մի կողմից՝ լավ է, որ այդ մարդիկ հայտնվել են խորհրդարանում, այլ ոչ թե՝ գործադիրում, քանի որ տեսանք, թե ինչպես նրանց հայտնվելը գործադիրում բերեց «պռավալների», նույնիսկ նախարարություններ են փակվելու, և այդ մարդիկ իրենց նախարարություններին տեր չկանգնեցին»,- շեշտեց Տիգրան Քոչարյանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանի ընդդիմությանը, ապա, Տիգրան Քոչարյանի խոսքով՝ խորհրդարանում ընդդիմադիր ուժեր կան, բայց նրանք ընդդիմություն են միմյանց, այդ ուժերն են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և ԲՀԿ-ն, որոնք Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները չեն։

Նա նաև ընդգծեց, որ արտախորհրդարանական ընդդիմության ձևավորման համար արդեն մեկ-երկու ուժեր հայտեր են ներկայացրել։

«Օրինակ, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունն էր, ինչպես նաև գիտենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ որոշակի քաղաքական ուժեր են ձևավորվում, մեդիա դաշտում քառյակի ձևավորումը, և այլն։

Կարծում եմ՝ առաջիկա 3-4 ամիսների ընթացքում քաղաքական դաշտում այդ հայտերի ամրանալը տարբեր տեղերից կտեսնենք։ Ըստ իս, կլինեն զուգահեռ գործընթացներ՝ կախված նրանից, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը որքան կհաջողվի իրականացնել լուրջ տնտեսական բարելավումներ, և մինչև իշխանության գալը քննադատության առնվազն 10 տոկոսը անի։ Հակառակ դեպքում արտախորհրդարանական ընդդիմությունն ուժեղանալու է»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ