23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարդասպանի գովազդ

1996թ. հուլիսի 12-ին Երեւան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու եւ դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20.000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Իոսիֆ Աղաջանովին տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ աննկատ կերպով բացովի բանալիով հարվածներ է հասցրել Իոսիֆ Աղաջանովի գլխին, որից հետո նաեւ դանակով նրա կրծքավանդակի աջ շրջանին, աջ աչքի ենթակողային շրջանին, կրծքավանդակի աջ կեսի ենթաերակային շրջանին: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Իոսիֆ Աղաջանովի ոտքերը, իսկ երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է Իոսիֆ Աղաջանովի պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը եւ այդտեղ տեղակայված նյարդերը): Ստացված վնասվածքներից Իոսիֆ Աղաջանովը մահացել է: Այնուհետեւ Մհեր Ենոքյանը եւ Արամ Հարությունյանը դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել եւ թաքցրել են հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնապատ հենապատի հետեւի մասում եւ ծածկել քարերով, այսինքն՝ շահադիտական նպատակներով եւ առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին (ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996թ. նոյեմբերի 29-ի դատավճռի նկարագրական մաս): 

Նախաքննության եւ դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանը եւ Արամ Հարությունյանը տվել են իրարամերժ ցուցմունքներ: Մասնավորապես, Մհեր Ենոքյանը պնդել է, որ Իոսիֆ Աղաջանովը եւ Արամ Հարությունյանը վիճաբանել են, այնուհետեւ կռվել են, իսկ ինքը փորձել է նրանց բաժանել եւ այդ ընթացքում (պատկերացրեք) բացովի բանալիով («ռազվոդնոյ կլյուչ») մի քանի անգամ հարվածել է Իոսիֆ Աղաջանովին: Արամ Հարությունյանը պնդել է, որ երկար ժամանակ եղել է իր համադասարանցու եղբոր՝ Մհեր Ենոքյանի ազդեցության տակ եւ գնացել է հանցագործության կատարման վերջինիս դրդմամբ: Մհեր Ենոքյանի եւ Արամ Հարությունյանի ցուցմունքներն առավել մանրամասն բերված են կից դատավճռում եւ կից մամուլի հրապարակումներում: 

Դատարանի դատավճռով Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, իսկ Արամ Հարությունյանը 15 տարվա ազատազրկման: Հետագայում Մհեր Ենոքյանը կատարել է եւս երկու հանցագործություն` երկու անգամ փախուստ է կատարել բանտից, որի համար նույնպես դատապարտվել է ազատազրկման: 

Իսկ ում է սպանել Մհեր Ենոքյանը: Մհեր Ենոքյանը սպանել է մտավորականների ընտանիքում մեծացած, լավ դաստիարակություն ստացած, Երեւանի բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, 19 տարեկան կյանքը սիրող եւ ապրելու ու արարելու ազնիվ ձգտումներ ունեցող մի երիտասարդի, որը այդպես էլ մինչեւ վերջ չի հասկացել՝ ինչու են իրեն սպանում: Որդիս՝ Իոսիֆ Աղաջանովը եղել է կենսուրախ եւ ապագայի նկատմամբ լավատեսորեն տրամադրված եզակի մարդկանցից: Դա կարող են հաստատել բոլոր նրանք, ովքեր ճանաչել են կամ գեթ մեկ անգամ շփվել են նրա հետ: Ունեցել է ընկերուհի: Ձգտել է դառնալ լավ բժիշկ, ինչի համար ջանքեր չի խնայել: Ու հանկարծ, Մհեր Ենոքյանի ավտոմեքենա ունենալու երազանքը բավարարելու համար, երիտասարդի կյանքը դաժանաբար ընդհատվեց: 

Եվ ահա վերջերս ATV հեռուստաընկերության եթերով ցուցադրվեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը, որը նվիրված էր ծանր հանցագործություն կատարած, այն է՝ դաժան սպանություն կատարած եւ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին: Ստուդիայում հավաքվել էին մի խումբ բլոգերներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, իրավաբան եւ օգտագործելով իրենց ամբողջ հմայքը՝ մեծ եռանդով փորձում էին մարդասպան հանցագործին ներկայացնել որպես հրաշալի մի երիտասարդ, որը արժանի է ազատ արձակման: Իսկ ինչով էին հաղորդման մասնակիցները հիմնավորում իրենց պնդումները՝ Մհեր Ենոքյանին ազատ արձակելու վերաբերյալ: Ընդամենը նրանով, որ Մհեր Ենոքյանը չի խմում եւ չի ծխում, արդեն ուղղվել է, կարողանում է լավ մտքեր արտահայտել, գիրք է գրում եւ այդ գրքի վաճառքից գոյացած գումարները պատրաստվում է օգտագործել բարեգործական նպատակներով, երկու անգամ բանտից փախուստ կատարելուց հետո ազատության մեջ գտնվելու ժամանակ նոր հանցագործություն չի կատարել (ի դեպ` բանտից փախուստ կատարելը նույնպես ծանր հանցագործություն է համարվում) եւ նմանատիպ այլ գովերգներ: Հաղորդումը դիտելիս տպավորություն էր ստեղծվում, որ ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ ներկայումս իր պատիժն է կրում ոչ թե մարդասպանը, այլ մի հրեշտակ, որին չգիտես ինչու եւ ինչի համար մեր «անարդար» իրավապահ մարմինները գցել են ցմահ անազատության մեջ: Հետաքրքիրն այն է, որ հաղորդման մասնակիցներից որեւէ մեկը չփորձեց ժխտել, որ Մհեր Ենոքյանը հանցագործություն, այնուամենայնիվ, կատարել է, սակայն շատ աննշան կերպով ներկայացվեց, որ ժամանակին կատարված նախաքննությունը եւ դատավարությունը օբյեկտիվ չեն իրականացվել` առանց որեւէ հիմնավորում բերելու: Ավելին` հաղորդման մասնակիցները շատ գրագետ ձեւով փորձում էին շրջանցել եւ չանդրադառնալ Մհեր Ենոքյանի կողմից կատարված հանցագործության մանրամասնություններին: Պարզվեց նաեւ, որ այդ մարդասպանի համար «Ռադիո Վանի» օգնությամբ բացվել է բլոգ, որտեղ նա իր «լավ մտքերն է» արտահայտում, նույնիսկ վերջինիս մասին ֆիլմ է նկարահանվում: Դրանից հետո, հեռուստադիտողի վրա թողնված տպավորությունն ամրապնդելու համար, հաղորդման վերջում ցուցադրեցին մարդասպանին, որը հայտարարեց, որ ինքը սպանություն չի կատարել: 

Այս ամենը ոչ այլ ինչ էր, քան մարդասպանի, հանցագործի շատ գեղեցիկ կազմակերպված եւ հեռուստադիտողի վրա սրտաճմլիկ տպավորություն թողնող գովազդ: Նման կերպ շատ հեշտ կարելի է արդարացնել վերջերս Նորվեգիայում սպանդ կատարած Բրեյվիկին, որը շատ լավ մանիֆեստներ է գրել, այսինքն՝ լավ մտքեր է արտահայտել, սեպտեմբերի 11-ի ահաբեկիչներին, որոնք չէին խմում եւ չէին ծխում եւ նույնիսկ ինքնաթիռ վարել էին սովորել, Նաիրի Հունանյանին, որը հայտնի է իր լավ մտքեր արտահայտելու ունակությամբ եւ որի գործում մինչ այսօր շատ բաց հարցեր են մնացել եւ ցանկացած այլ հանցագործի, որը ինչ-որ «արժանիքներ» ունի եւ որի գործի նախաքննության եւ դատավարության արդյունքում հաստատ կգտնվեն որոշ մարդիկ, որոնց համար անհասկանալի կամ բաց մասեր կմնան: Միանշանակ հասկանալի եւ ընդունելի կլիներ, եթե հաղորդումը նվիրված լիներ ընդհանրապես ցմահ ազատազրկման դատապարտվածներին, թեման ներկայացվեր բանավեճի տեսքով, ներկայացվեր, թե ում է սպանել Մհեր Ենոքյանը եւ ներկայացվեին սպանության մանրամասնությունները, որը կատարել է հաղորդման ընթացքում գովազդվող «հերոսը»: Բայց այդ տեսքով մարդասպանի գովազդը եւ անզուսպ հիացմունքը վերջինիս անձի նկատմամբ, կարող է դիտարկվել միայն ինչ-որ մարդկանց նեղ անձնական նպատակները, շահագրգռվածությունը եւ միգուցե նաեւ նյութական շահը բավարարելու ցանկությամբ միայն: Այլ պարագայում հարց է առաջանում, թե ինչու նույն մարդիկ այդպիսի եռանդով չեն պայքարում, օրինակ, կարիքավոր ազատամարտիկների ընտանիքների խնդիրների կամ մանկատան կոնկրետ երեխայի համար, այսինքն, չեն բարձրացնում կոնկրետ ազատամարտիկի, նրա ընտանիքի կամ մանկատան երեխայի խնդիր: Որովհետեւ այդպիսի խնդիրը իրենց ֆիլմերում եւ հաղորդումներում կարող է հետաքրքրություն չառաջացնել եւ կարող է կոնկրետ ազատամարտիկը կամ մանկատան երեխան խմող կամ ծխող լինել կամ լավ մտքեր չկարողանա արտահայտել եւ չապահովել, օրինակ, բլոգերի անխափան աշխատանքը: Իսկ ահա մարդասպանն արդեն ուրիշ է, սա նոր բան է եւ շատ ու շատ ռոմանտիկ աղջիկներ ու տղաներ կամ պարզապես պարապ մարդիկ` հրապուրվելով գովազդված մարդասպանով, բացարձակապես չիմանալով ինչ է արել Մհեր Ենոքյանը եւ ինչի մասին է խոսքը, նույնպիսի «լավ մտքեր» կարտահայտեն բլոգերում, սոցիալական ցանցերում, ռադիոյի եւ հեռուստատեսության եթերում եւ դրանով այդ ռեսուրսները մշտապես ապահովված կլինեն հետաքրքրվողներով: 

…Իսկ արդարադատության համար պայքարողները, բայց իրականում ուղղակի եւ անուղղակի մարդասպանին պաշտպանողները երբեւէ փորձե՞լ են իրենք իրենց տալ հետեւյալ հարցերը. -Ինչու է Մհեր Ենոքյանն իր համակուրսեցուն, որի հետ երբեւէ մտերիմ կամ ընկերական հարաբերությունների մեջ չի եղել, տաքսիով (1996թ. տաքսին մատչելի տրանսպորտ չի հանդիսացել` հատկապես ուսանողի համար) տարել Արամ Հարությունյանի բնակարան: –

Ինչու եւ ինչ նպատակով է Մհեր Ենոքյանը Արամ Հարությունյանի հետ միասին նախապես ձեռք բերել մեծ բրեզենտե պայուսակ:

-Եթե ըստ Մհեր Ենոքյանի պնդումների՝ ինքը միայն բաժանել է իրար հետ կռվող Արամ Հարությունյանին եւ Իոսիֆ Աղաջանովին, ապա ով է տեսել, որ կռիվ բաժանելուց «ռազվոդնոյ կլյուչով», որը չգիտես ինչու այդ պահին եղել է ննջասենյակում, մի քանի անգամ խփեն կռվողներից մեկի գլխին:

-Եթե Մհեր Ենոքյանն այդպիսի պարկեշտ, հրաշալի, բարեգութ երիտասարդ է, ինչու նա սպանությունը կատարելուց հետո չի զանգահարել շտապօգնություն, ոստիկանություն, այլ դրա փոխարեն դիակը դրել է պայուսակի մեջ եւ տարել թաքցրել է, որից հետո հանգիստ գնացել է տուն եւ հայտնվել է ոստիկանությունում միայն Արամ Հարությունյանի ծնողների դրդմամբ:

-Ինչու Մհեր Ենոքյանը մինչ այսօր չի հայտարարել, որ զղջում է իր կատարածի համար կամ գոնե ներողություն չի խնդրել Իոսիֆ Աղաջանովի ընտանիքից, այլ դրա փոխարեն փորձում է բոլոր հնարավոր միջոցներով համոզել (ազդել) Արամ Հարությունյանին, որ նա մեղքը վերցնի իր վրա` պատճառաբանելով, որ նույն արարքի համար նրան երկրորդ անգամ չեն դատի, իսկ ինքը ազատվելու հնարավորություն կունենա:

Նմանատիպ շատ ու շատ հարցեր կառաջանան այն մարդկանց մոտ, որոնք չեն գտնվում Մհեր Ենոքյանի ազդեցության տակ կամ ծանոթացել են քրեական գործի նյութերին:

Մհեր Ենոքյան մարդասպանին կազմակերպված փիար ակցիայի արդյունքում ներում շնորհելու փոխարեն՝ պետք է պարզել վերը նշված հանգամանքները, որից հետո նոր անդրադառնալ մարդասպանի ներման հարցին։

Մ. ԱՂԱՋԱՆՈՎ

Իոսիֆի հայր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ