Փաշինյանի ասած «թալանված բանակը» ապրիլյանի օրերին բավական արդյունավետ է գործել ու ձախողել է «դրսից» գրավելու վերջին փորձը
Գրել եմ նենց տեքստ, որ կգրեի միայն երեք օր քնելուց հետո, ու հաշվի եմ առել, որ եթե կարդաք, կկարդաք միայն երեք օր ուտել խմելուց հետո:
Տեսեք, կենտրոնական եվրոպայում՝ Գերմանիայում, Ավստրիայում ու Չեխիայում, մարդ կարա ունենա մի 1000 քառակուսի մետր հող ու գոյատևի: Շատ լավ չի ապրի, բայց սովից էլ չի մեռնի: Իսկ եթե պաս պահի, առհասարակ եկեղեցուն մոտ լինի ու հետևի կանոններին, իր տնտեսությունը կաճի ու կզարգանա: Այս զարգացման համար հող գրավելը անհրաժեշտ չի լինի, որովհետև, կրկնում եմ, այնտեղ 1000 քառակուսին բավարար է: Բավարար է, քանի որ այդ 1000քմ խոտի այնպիսի բազմազանություն ունի, որ գյուղացին համ ինքը կօգտվի, համ անասուն կպահի, համ կաթնամթերք կունենա, համ էլ երբեմն մսեղեն կուտի: Կլիման այդպիսին է, հողը լավն է, ջուրը կա…
Մինչդեռ հարավային Եվրոպայում այդպես չէ: Այնտեղ կլիման թույլ է տալիս զարգացող տնտեսություն ունենալ, եթե հողակտորդ գոնե մի տասն անգամ ավելի մեծ է, այսինքն, ԳՈՆԵ մի հեկտար պիտի ունենաս, որ անասունդ արածի, դու էլ բան ստանաս: Նման մեծ հողակտորներ մշակելու համար գյուղացուն մեծ ու ամուր ընտանիք է պետք, քավոր սանիկ է պետք, աշխատասիրությունից զատ անհրաժեշտ է նաև լավ առաջնորդ լինել: Էդ առաջնորդ կոչվածները հարավում անվանվում էին Սինյորներ, ըստ էության ֆեոդալներ: Ընդ որում, ինչոր փուլում ամբողջ եվրոպայով մեկ ֆեոդալներ կային, սակայն ի սկզբանե դա հարավում էր առավելապես պարտադրված կլիմայով: Սա է նաև պատճառը, որ հյուսիսում ռեֆորմացիան տեղի ունեցավ, իսկ հարավում՝ ոչ: Հյուսիսում կար բավականին մեծ 1000քմ ունեցող միջին խավ, որը չէր կարող իրեն թույլ տալ Սինյորների նման ինդուլգենցիա գնել, ու ապստամբեց դրա դեմ: Իսկ հարավում ապստամբողներ չկային, քանի որ առանց Սինյորի սովից կկոտորվեին:
Պարարտ (բառացիորեն) հողը ծնեց ռեֆորմացիան, ռեֆորմացիա-բողոքականությունը ծնեց կապիտալիզմը, կապիտալիզմը ծնեց կոնսյումերիզմը, կոնսյումերիզմը ծնեց այսօրվա արևմտյան քաղաքակրթությունը: Ընդ որում, չնայած որ Գերմանիան և Իտալիան համարվում են արևմտյան քաղաքակրթության լիիրավ անդամներ, նրանց մեջ մինչ օրս բավականին ակնառու տարբերություններ կան, որոնք վերոհիշյալ հողերի բերքատվության տարբերության ժառանգություններն են:
Հայաստանը ենթարկվել է ու միշտ ենթարկվելու է նույն ֆիզիկային ու դրանից բխող սոցիոլոգիայի կանոններին: Մեզ մոտ հողը շատ ավելի վատն էր, քան նույնիսկ Եվրոպայի հարավում, ըստ այդմ, մեր մոտ շատ ավելի պատրիարխալ, ֆեոդալական համակարգ էր զարգացել: Մեր Նահապետները շատ ավելի ձիգ տղերք պիտի լինեին, քան Սինյորները: Ընդ որում, ինչքան էլ ձիգ լինեին, երբեք չէին հասնի Սինյորների հարստությանը:
Սովետական միության ստեղծման ողջ իմաստը հենց այդ հին տնտեսական պարադիգմի և, ըստ այդմ, հին հասարակարգի տապալումն էր: Կոմունիստները ասում էին, որ եթե լինի պլանային տնտեսություն, չեն լինի շատ հարուստներ, բայց չեն լինի նաև շատ աղքատներ, իսկ իսկական կոմունիզմի օրոք մարդիկ չեն էլ մտածի նյութական արժեքների մասին և կկենտրոնանան ոչ նյութականի վրա:
Այս էգալիտար, հումանիստական մոդելն էր պատճառը, որ նավթ չունեցող Բելոռուսում նավթի վերամշակման հզորություններ էին կառուցում: Սա էր նաև պատճառը, որ հումք չունեցող Հայաստանում քիմիական հսկաներ էին կառուցում, որտև եթե չկառուցեին Բելոռուսները կշարունակեին չարչարվել դաշտերում, իսկ հայերը կշարունակեին սովից կոտորվել:
Սովետական Հայաստանի ինդուստրիալիզացիան ստեղծեց, Հայաստանում դեռ երբևէ գոյություն չունեցած, քաղաքացիների հասարակական շերտը: Սրանք մարդիկ էին, ովքեր ապրում էին քաղաքում: Քաղաքում ապրելով՝ մարդիկ նոր մշակույթի, նոր քաղաքակրթության մասնիկ էին դառնում։ Առաջացավ քաղաքի տղա գաղափարը, որը որոշակի բարոյական կեցվածք էր ենթադրում: Այդ նոր քաղաքակրթությունը, սնվելով ռուսկան հանքերի ու ուկրայինական արոտավայրերի բարիքներով, ծնեց Հրանտ Մաթևոսյան, Հենրիկ Մալյան, Վանո Սիրադեղյան ու Լևոն Տեր-Պետրոսյան: Սրանք մարդիկ էին, ում գոյությունը բացառվում էր չսովետական Հայաստանում, դա տնտեսապես հնարավոր չէր:
Ցավոք համաշխարհային կոմունիստական հեղափոխությունը դատապարտվեց մահվան 1944 թվականի հուլիսի 21-ին Չիկագո քաղաքում, երբ ԱՄՆ տնտեսական էլիտան, կեղծելով փոխնախագահի ընտրությունները, սոցիալիստ Ռուզվելտի գաղափարակից Հենրի Ուոլասի փոխարեն ապագա նախագահի պաշտոնին «ընտրեցրեց» մինչ այդ իր կյանքում միայն ձախորդությամբ հայտնի ու խամաճիկ հանդիսացող Հարի Թրումանին: Սովետը կարող էր երկու շաբաթում գրավել ողջ Եվրոպան, սակայն մինչև բոլորովին վերջերս ԱՄՆ-ի հետ մրցելու որևէ շանս չուներ: Ստալինի ու Բերիայի բարեփոխումների իներցիան դեռ 40 տարի պահպանեց Սովետական միությունը, չնայած դրա կազմաքանդմանը միտումնավոր նպաստում էին այդ պետության բոլոր ղեկավարները՝ Խրուշչովից սկսած:
1985 թվականին ,երբ Մոսկվայի Լուբյանկայում նստող որոշ մոլորյալներ որոշեցին, որ ժամանակը եկել է բարբարոս պորտաբույծներին (այո, խոսքը մեր, վրացիքի, տաջիկների ու այլոց մասին է) ռադ անել ու միանալ Եվրոպային, սկսվեց Սովետի փլուզման օպերացիայի ակտիվ փուլը: Արտադրական պրոցեսները խափանվեցին, կրիմինալը ազատություն ստացավ, որտեղ հնարավոր էր բորբոքվեցին ազգայնական տրամադրություններ: Այս ամենի արդյունքում հայ ժողովրդի գլխին ընկավ «անկախությունը» և Արցախը: Թեպետ նորաստեղծ երկրի ղեկավար պաշտոններին նշանակվել էին Սովետական մտավորականության ներկայացուցիչները, իրական իշխանությունը անցավ հին ու բարի նահապետներին: Նահապետերն էլ դե չգիտեին գործարանների ու գիտահետազոտական ինստիտուտների հետ ինչ անել։ Նրանք արեցին այն, ինչ գիտեին՝ ով ինչ կարեցավ գողացավ, տարավ «տուն»: Կոմունիստական «ծծից» կտրված քաղաքացիների շերտը չէր կարող դրան դիմակայել, քանի որ իրենց չէին սովորեցրել կարգ ու կանոն պահել, դա մետրոպոլիայի խնդիրն էր, իրենց սովորեցրել էին գնալ գործի, խալտուրայով զբաղվել ու ամսվա վերջ փող ստանալ: Տեր-Պետրոսյանի օրոք քաղաքական ավանգարդում անպիտան ու անբան մտավորականությունն էր, մինչդեռ տնտեսական ավանգարդում թալանչի ֆեոդալներն էին: Կար Վանոն ու Մաթևոսյանը, բայց «գործ» անողները Բուդոներն էին…
Տաջիկստան, Ղրղզստան կամ նույնիսկ Վրաստան դառնալու ճակատագրից մեզ փրկեց Արցախյան ազատամարտը: Տեր-Պետրոսյանի հանրապետությանը փոխարինեց Վազգեն Սարգսյանի հանրապետությունը: Քաղաքական դաշտում անբան մտավորականներին շարքից հանեցին սովետական ղեկավարման դպրոցը անցած ապարատչիկները, իսկ տնտեսությունում նահապետներին փոխարինելու եկան գեներալները: 20 տարի գոյություն ունեցած Վազգենի հանրապետությունը տաս անգամ մեծացրեց պետական բյուջեն, որքան հնարավոր էր զսպեց թալանը, կանոնակարգեց պետական ինստիտուտների աշխատանքը: 98 թվականին առաջին անգամ կատրավեց բյուջեն: Նույն ժամանակահատվածում, շատ ավելի շահեկան դիրքում գտնվող Վրաստանը, շարունակվում էր կազմաքադնվել, քանի որ նրանց գեներալները պարտվել էին ու չէին կարող հավակնել իշխանության: Ֆիքսենք, որ գեներալ Մանվելի դեմ հիմա պայքարում են տեղական մասշտաբի ֆեոդալներ Պիպոն ու Ճոյտը ու օտարերկրյա գործակալները, ոչ թե, ասենք, Ռուբեն Վարդանյանը կամ Նուբար Աֆեյանը:
Սովետը քանդեց Ստալինից աբիժնիկ մնացած ռոմանտիկների սին հույսերը, որ իրենց Եվրոպա կընդունեն, իսկ Վազգենի հանրապետությունը քանդեց էլ ավելի հիմար ու էլ ավելի աբիժնիկ ռոմանտիկների սին հույսերը, որ իրենց սիրուն աչքերի համար իրենց փող կտան: Ստալինի պետությունը 40 տարի դիմակայեց արևմուտքին, Վազգենի Հանրապետությունը դիմակայեց 20 տարի, էլի վատ արդյունք չի երևի…
Ես իրոք կարծում եմ, որ 20 տարին վատ արդյունք չէ, քանի որ գիտեմ, որ Հայաստանի միակ լավ հողը Ստեփանավանի էէէն վերևներում է, որտեղ սովետի օրոք միակ «միլիոննիկ» կոլխոզը կար: Ու եթե Մոլոկանները չարտագաղթեին մինչ օրս կմնար, ցավոք իրենց տեղը եկան հպարտ հայերը ու թալանեցին էդ հիմնարկը: Էդ ա: Ստեղի հողն էլ էդ ա: Չի կարա հայկական հողը նույնիսկ Սինյոր տա, ուր մնաց գերմանական միջին կլաս տա: Այս հողը կարող է տալ Ճոյտ: Եթե ռուսները զենք տան, կարող է տալ գեներալ Մանվել: Եթե ռսները կամ մեկ ուրիշը մեզ նորից իրենց վզին նստեցնի, կկարողանանք նորից տալ Հրանտ Մաթևոսյան ու ունենալ քաղաքացիներ: Ու քանի որ մենք էս պահին ոչ մեկին պետք չենք, մեզ «որդեգրել» է Ալիևը։ Նա է վճարում էս պահին։ Վճարում է ու պատվիրում «երաժշտությունը»: Բնականաբար Ալիևին պետք չի Հայաստան, որտեղ կա ռազմաքաղաքական էլիտա, ֆեոդալներն էլ իհարկե պետք չեն: Ալիևին պետք է անարխիա ու ՀՀ վիճվարչությունը աստիճանաբար արձանագրում է այդ անարխիան բոլոր ոլորտներում: Ակազվիցա Հայաստանը քանդելու համար հայերին ընդամենը պետք էր տալ իշխանություն…
Շատերդ եք վերջերս նույն հարցը կրկնում, թե բա՝ ո՞նց հասանք էս ամեն ինչին: Այ սենց ենք հասել… ի սկզբանե հողը հող չէր, հետո ամերիկացիք «պադստավկա» արին, հետո Անդրոպովն ու Գորբաչյովը մուռ հանեցին Ստալինից, հետո բախտներս բերեց՝ Էլչիբեյն եկավ Ադրբեջանում ու թույլ տվեց, որ 20 տարի պետություն կառուցենք, իսկ հետո «Էլչիբեյն» եկավ Հայաստան… ու տենց…
Հ.Գ. Ու հիշե՛ք՝ ինքնիշխան լինելն ու անտեր լինելը տարբեր բաներ են: Օրինակ՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ինքնիշխան են, Գերմանիան ու Ճապոնիան ինքնիշխան չեն, բայց տեր ունեն, իսկ Սոմալին պրոստը անտեր ա: Իմիջիայլոց, ինքնիշխանության փարոս Էլչիբեյի պատճառով Ադրբեջանը համարում է, որ կորցրել է իր տարածքի 20%-ը ու մոտ 30,000 զոհ է տվել: Զուտ ժամանակագրորեն կորուստների մեծ մասը Ալիև ավագի օրոք ա եղել, բայց մեղավորը հաստատ իձիոտ Էլչիբեյն էր: Ընդ որում, հաջորդ պատերազմում զոհերի քանակը ըստ ամենայնի շատ ավելի մեծ է լինելու, որովհետև ապրիլյան պատերազմի 4 օրերի ընթացքում ավելի շատ զինամթերք է կիրառվել, քան առաջին պատերազմի ողջ ընթացքում: Ընդ որում հարկ է նաև նշել, որ Փաշինյանի ասած «թալանված բանակը» ապրիլյանի օրերին ի հեճուկս կեղծ հայրենասերների ու էլ ավելի կեղծ հումանիստների բավական արդյունավետ է գործել ու ձախողել է «դրսից» գրավելու վերջին փորձը: Այ ներսում չձգեցինք…