Իրականում տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժեր, որոնք եղել են երկու կողմից. Նիկոլ Փաշինյան
Նախիջեւանի ուղղությամբ դիրքային տեղաշարժերի 95 տոկոսը տեղի է ունեցել փետրվար-մայիս ամիսներին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությաունը, ըստ որի Նախիջեւանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք իրենց վերահսկողության տակ են վերցրել:
«Եթե չեմ սխալվում, պաշտպանության նախարարը մի քանի անգամ հրավիրել է լրագրողների խմբի եւ նրանք գնացել ու տեղում սահմանային իրավիճակին ծանոթացել են:
Ես տեսնում եմ, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները ինչ-որ մեկնաբանություններ են անում: Նախիջեւանի ուղղությամբ դիրքային խնդիրները, որ տեղի է ունեցել, 95 տոկոսը տեղի է ունեցել փետրվար-մայիս ամիսներին: Եթե ինչ-որ բան տեղի է ունեցել, ուրեմն տեղի է ունեցել այդ ամիսներին, իմ վարչապետ դառնալուց առաջ: Իսկ իրականում տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժեր, որոնք եղել են երկու կողմից: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի ԶՈՒ վերահսկողության ներքո, բոլորը շարունակում են մնալ մեր վերահսկողության ներքո:
Ես նույնիսկ ասել եմ, որ այդ պրոցեսների արդյունքում մեր ԶՈՒ դիրքերը բարելավվել են նաեւ եւ ռազմավարական նախաձեռնությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակում էմնալ մեր ԶՈՒ ձեռքում: Որեւէ տարածքային զիջում իմ վարչապետության ժամանակ չի եղել»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը: