29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերցրիր իշխանությունը ամբոխի օգնությամբ, բոլոր պաշտոններում նստեցրիր կիսագրագետ փողոցային ակտիվիստների. Հայոց աշխարհ

Ի՜նչ մարդիկ են նրան ծառայում․․․ Չես հոգնում օվսաննա ձոնել հայրենի քաղաքականությանը։ Վերցնենք թեկուզ համապետական ընտրությունները։  

Չէ՞ որ որոշ երկրներում ընտրությունները տքնաջան ու տաղտկալի աշխատանք են։ Պետք է տարիների ընթացքում ստեղծել տեղական կառույցներ, մշտապես աշխատել մարդկանց հետ, մասնակցել ՏԻՄ ընտրություններին, հաշվետվություն ներկայացնել բնակչությանը…   

Ո՛չ ստեղծագործական կայծ, մի խոսքով, ո՛չ էլ երեւակայության թռիչք. տաղտուկ։ Այլ բան է մեզանում. վերցրիր իշխանությունը ամբոխի օգնությամբ, բոլոր պաշտոններում նստեցրիր կիսագրագետ փողոցային ակտիվիստների, զանգվածային բռնաճնշումներ իրականացրիր քաղաքական մրցակիցների դեմ, «դըմփ-դըմփ-հու», եւ ստացի՛ր ընտրություններում քո 70 տոկոսը։ Ինչպիսի՜ տարածություններ ինքնագործունեության համար։   

Ինչպես նկատեց քարոզարշավի ժամանակ մի սրամիտ ընդդիմադիր գործիչ, նրանց, ովքեր զբաղվում են Նոր Հայաստանում հրապարակային քաղաքականությամբ, պետք է մեդալ տալ անձնական արիության համար։ Իմաստո՛ւն մարդ է, այնուամենայնիվ, այդ գործիչը։ Եվ որ շատ կարեւոր է՝ հումորով։   

Ոչ թե մեդալ, թանկագինս, այլ շքանշա՛ն, ու տա Աստված, ոչ հետմահու։ Եվ ոչ միայն քաղաքական գործիչներին, այլեւ ընդհանրապես բոլորին՝ այբբենական կարգով։ Այն բանի համար, որ դեռեւս ապրում ենք այստեղ, հայոց աշխարհի նոր տերերի կողքին։ Բախտավոր է այնուամենայնիվ հայ ժողովուրդը։ Ի՜նչ մարդիկ են նրան ծառայում։  

Այս ընտրությունների շնորհիվ Փաշինյանի ձեռքում ներկայումս կենտրոնացած է բացարձակ իշխանությունը։ Եվ այդ «հեղափոխական» շոգեքարշը կսկսի այնպիսի թափ հավաքել, որ լուսազդանշանների առջեւ արգելակել չի հաջողվի։ Իսկ ով չթաքնվի, նրան կխնդրենք համարել Աննա Կարենինա։  

Եվ ահա թե ինչը չի կարող չապշեցնել։ Խելացի ու ազնիվ մարդուն այնպիսի երկրում, ինչպիսին մերն է, հարկ կլիներ աղերսել, որ վերցնի իշխանությունը։ Նա կհասկանար բարդությունը, պատասխանատվությունը եւ կհրաժարվեր՝ սարսափելով ծանրագույն խնդիրների ահռելիությունից ու անասելի բարդությունից։   

Իսկ սրանք, հակառակը. վախենանք, որ զանգվածային խարակիրի կկազմակերպեին Հանրապետության հրապարակում, եթե չստանային բացարձակ իշխանությունը։ Պատահական չէ, որ ընտրություններից առաջ շարունակ փոխում էին խաղի կանոնները։  

Բայց եթե այսօր քաղաքական ուժերին առաջարկվում է պրեֆերանս խաղալ, վաղը՝ պոկեր, իսկ վաղը չէ մյուս օրը՝ բլոտ, ապա առանձին վերցրած այդ խաղերից յուրաքանչյուրի, ողջ հետաքրքրականությամբ հանդերձ, բազմազանության ընդհանուր արդյունքն ավելի շուտ բացասական կլինի։  

Նոր Հայաստանի իշխանությունները փոխարինել են իսկական քաղաքականությունը պերֆորմանսով։ Վերջին երկու տասնամյակում Արեւմուտքում լայն տարածում գտած արվեստի այդ նոր տեսակը թատերականացված իմպրովիզացիա է։ Դրան հատուկ է ամեն տեսակի էթիկական եւ էսթետիկական նորմերի խախտումը, ամեն մի տաբուի վերացումը։  

Երբ իրական քաղաքականությունը փոխարինվում է պերֆորմանսով, իշխանության ի՞նչ հաջողությունների մասին կարող է խոսք լինել։ Նույնիսկ եթե սրանք կամենան ծաղկեցնել Հայաստանը, պարզապես անկարող են դա անել։ Նրանց ուղեղն այդպես չի կառուցված, ձեռքերն էլ սխալ տեղից են աճում, եւ մատներն էլ սխալ կողմ են ծալված։ Նախորդ ութ ամիսների գործունեությունը դրա ցայտուն ապացույցն է։   Թե ինչպես էին սրանք բուժում Հայաստանը այս յոթ ամիսներին, ակներեւաբար կարող է ցույց տալ հետեւյալ զուգահեռը։  

Մի մարդ իրեն վատ է զգում։ Ընկավ բժշկի մոտ։ Վերջինս նախ նշանակեց հատուկ սննդակարգ. ավելի վատացավ։ Անալիզներ վերցրին, հայտնաբերեցին ինֆեկցիա, սկսեցին դա վերացնել, ախտահանել (մանգանակալիումական լուծույթ, հոգնաներ). ավելի վատացավ։ Պարզվեց՝ սխալվել են։  

Բժիշկը մեկ անգամ էլ զննեց, ռենտգեն նշանակեց. Աստվա՜ծ իմ՝ ուռո՛ւցք։ Վիրահատեցին մեկ անգամ, երկրորդ. է՛լ ավելի վատացավ։ Հայտնաբերեցին մետաստազներ ուղեղում, լյարդում եւ այլ օրգաններում։  

Սկսեցին հեռացնել մետաստազները, բայց գործիքը ստերիլ չէր, փտախտ սկսվեց։ Անդամահատեցին ոտքերը (նախ՝ մինչեւ ծունկը, հետո, ցավոք, մինչեւ աճուկը) եւ մի ձեռքը՝ մինչեւ արմունկը։   

Դժվարությամբ հետ բերեցին այն աշխարհից, եւ հանկարծ՝ սեպսիս։ Արյան բազմիցս փոխներարկում, տեսողությունը գրեթե կորսված է, մտածողությունն էլ դեղորայքի անհավանական քանակից սաստիկ տուժել է. բայց ողջ մնաց։  

Պարզվեց, որ բժիշկը ողջ այդ ընթացքում սխալվում էր. կարո՞ղ եք պատկերացնել։ Ե՛վ ձեռքը, ե՛ւ ոտքերը, ե՛ւ տեսողությունը կարելի էր պահպանել, իսկ պատճառը սխալների շարանն էր, կեղտոտ գործիքները, սխալ ախտորոշումները։  

Բայց չէ՞ որ ողջ մնաց, եւ բոլորը ուրախանում էին, քանզի իսկապես պանծալի ու նշանավոր մարդ է։ Իսկ գիտե՞ք, թե ինչ է փակցրած հիվանդի մահճակալի գլխավերեւում՝ սրբապատկերի փոխարեն։ Բժշկի դիմանկարը։   

Հիվանդը չի հավատում, որ բժիշկը սխալվել է։ Խեղճը դիմացավ բոլոր այդ վիրահատություններին, արյան ռեկորդային փոխներարկումներին եւ ողջ մնաց։ Այո, անդամահատված է, բայց ողջ։ Եվ ուրեմն՝ դա բժշկի արժանիքն է։  

Բժշկի մոտ ընկնելուց առաջ համեմատաբար առողջ էր, բայց հասցրին կոմայի։ Հիվանդի անունն է՝ Հայաստան։ Բժշկի անունը՝ Նիկոլ Փաշինյան։  

Իսկ հիմա ահավասիկ, իբր քիչ էր մեկ բժիշկը, ստացանք մի ամբողջ կոնսիլիում՝ ի դեմս նոր խորհրդարանի։ Այնուամենայնիվ յուրաքանչյուրը պիտի զբաղվի իր գործով։ Չին մեծ փիլիսոփա Մաո-ցզին Ք.ա. V դարում գրել է. «Ինչպե՞ս է, օրինակ, կառուցվում պատը։ Նա, ով կարողանում է աղյուս շարել, շարում է։ Ով կարողանում է կավի շաղախ կրել, կրում է։ Ով կարողանում է չափումներ անել, անում է չափումներ։ Եվ այդպես պատը կշարվի։  

Հասարակական արդարության իրականացումը նման է սրան։ Դատողություն անել ու զրույց վարել կարողացողը թող դատողություն անի եւ զրույց վարի, պատմական գրքեր շարադրել կարողացողը թող շարադրի պատմական գրքեր։ Ծառայել կարողացողը թող ծառայի։ Այսպիսով, հետեւելով արդարությանը, բոլոր գործերը կարվեն»։  

Նոր Հայաստանում, հակառակը, ոչ ոք չի զբաղվում իր գործով։ Եվ դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ նորընտիր խորհրդարանի կազմին։   

Բայց լավատեսության համար որոշ հիմքեր մենք, իհարկե, ունենք։ Մոտավորապես 300 տարի առաջ ֆելդմարշալ Մինիխն ասել է. «Ռուսական պետությունը մյուսների հանդեպ ունի այն առավելությունը, որ կառավարվում է հենց իր՝ Տեր Աստծո կողմից։ Այլապես անհնար է բացատրել, թե ինչպես է նա գոյատեւում»։  

Դժվար է ձերբազատվել այն տպավորությունից, որ Տեր Աստծո կողմից կառավարվող պետությունները երկուսն են:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ