27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հասկացեք վերջապես՝ մենք արդեն ընդհուպ մոտեցել ենք սխալների անդառնալիի գծին

Երբ նացիստները բռնում էին կոմունիստերին, ես լռում էի, ես կոմունիստ չէի։ Երբ նրանք նստեցնում էին սոցիալ-դեմոկրատներին, ես լռում էի, ես սոցիալ-դեմոկրատ չէի։ Երբ նրանք բռնում էին արհմիութենական ակտիվիստներին, ես լռում էի, քանի որ արհմիության անդամ չէի։ Երբ նրանք եկան իմ հետևից, այլևս ոչ ոք չկար, որ ի պաշտպանություն ինձ հանդես գար»։ (Մարտին Նիմյոլեր)

Երջանկահիշատակ պաստորը` Դահաու համակենտրոնացման ճամբարի երբեմնի կալանավորը, չէր ասում` պաշտպանեք կոմունիստներին կամ սոցիալ-դեմոկրատներին, քանի որ դուք էլ նրանցից մեկն եք, ասել է թե՝ ձեր նմանին, համախոհին։ Պաշտպանեք, քանի որ, երբ շարքից հանեցին նրանց, գալու են ձեր հետևից։ Մարտին Նիմյոլերը չէր ասում` պաշտպանեք նրանց, քանի որ պարտավոր եք ունենալ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ու մարդու իրավունքների ցանկացած խախտման համար պետք է պայքարեք, եթե անգամ հալածյալի համախոհը չեք։ Այլ եթե անգամ վերը նշված դեպքերը չեն, գոնե առաջնորդվեք ինքնապահպանման բնազդով` պաշտպանեք ուժեղին, ում հետևից եկել են առաջինը, քանի պաշտպանողների հավանական քանակը դեռ մեծ է։

Սա ասեցի նրա համար, որ շատերը գտնում են, թե Ռոբերտ Քոչարյանն իրենց պաշտպանության կարիքը չունի, կամ էլ իրենք նրա համախոհը չեն, էլ ինչո՞ւ պետք է պաշտպանեն նրան։

Շտապեմ նշել, որ ես քրեական որևէ գործ մեկնաբանելու ո՜չ իրավասություն ունեմ, ո՜չ ծանոթ եմ դրանց ողջ ծավալով, ո՜չ էլ ունեմ համապատասխան որակավորում իրավական գնահատական տալու համար։ Միայն շեշտեմ, որ մեղավորները պետք է պատժվե՜ն, դա չի քննարկվում։ Ես ուզում եմ խոսել այս քրեական գործերի ու հետապնդումների քաղաքական հետևանքների մասին։ Բայց ինչո՞ւ միայն Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների դեպքերը։ Մարդիկ էլ կան, որ երջանկացած թռչկոտում են, երբ Սերժ Սարգսյանի հարազատներին ու մտերիմներին են քրեական հետապնդումների ենթարկում, անգամ եթե նա վաստակաշատ բժիշկ է, մտավորական, գիտնական։ Ցավոք, այս ամենն արվում է ուժեղ խաղացողների մի մասին չեզոքացնելու, մյուս մասի հարազատներին էլ պատանդ պահելու միջոցով նրանց զսպելու համար։

Պատրաստ եմ դիտարկել անգամ ամենածայրահեղ դիրքորոշում ունեցողների տեսակետը։ Այն, որ գտնում են, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրեշներ են, և նրանց դեմ պայքարը՝ ցանկացած թույլատրելի ու անթույլատրելի մեթոդներով, արդարացված է։ Բայց գիտենք նաև, որ հրեշին սպանողը կամ պետք է լինի ավելի մեծ հրեշ, կամ նրա մեթոդները լինեն ավելի հրեշավոր։ Նիկոլ Փաշինյանի դեպքում ո՜չ առաջինն էր, ո՜չ էլ երկրորդը։ Բարեբախտաբար կա նաև մեկ այլ տարբերակ․ հրեշին հաղթում է ժողովրդի ծոցից ելած ասպետը։ Բայց մեր հասարակության մի զգալի մասն իր հաղթանակից այնքան է ոգևորվել ու իր ասպետին այնպես է մեծարում, այնպիսի անառողջ սիրով սիրում, նրա ցանկանած քայլ արդարացնում, եթե չասենք ողջունում, դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծում, որ հրեշին սպանողն ինքը հրեշ դառնա։ Իսկ ինչո՞ւ ենք ֆիքսվել միայն երկրորդ ու երրորոդ նախագահների վրա, կարծես ժողովրդի դեմ 1996-ին տանկեր հանողներն էլ էին իրենք։ Մենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ինչու չէ՝ նաև մեր մաքսիմալիստական բնավորության, պաշտոնավարման մի որոշ ընթացքից սկսել ենք ատել բոլոր նախագահներին, լինի նա ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած, թե վիճահարույց ընտրությունների արդյունքում պաշտոնը ստանձնած։ Իսկ ի՞նչ երաշխիք ունենք, որ նույնը տեղի չի ունենալու Նիկոլ Փաշինյանի պարագայում, երբ հասարակության այս ահռելի սպասումները չարդարանան։

Զօրուգիշեր մեր համոզիչ փաստարկն ենք թմբկահարում, որ եթե ժամանակին մեկուկես միլիոն հայերի կոտորածին համաշխարհային հանրության կողմից տրվեր պատշաճ գնահատական, ապա հրեաների Հոլոքոստը տեղի չէր ունենա (6 միլիոն զոհ), նաև հետագա բոլոր ցեղասպանությունները։ Հապա ինչո՞ւ այս պարզ բանը համառորեն չենք հասկանում ներքաղաքական կյանքում։

Փորձում ենք պարզել, թե ով է տվել ժողովրդի վրա կրակելու հրահանգ 2008-ին, բայց այդպես էլ չենք ուզում պարզել, թե ով էր հրահանգել կրակել ժողովրդի վրա 1996-ին։ Չէ՞ որ այն ժամանակվա ներքին գործերի նախարարը հպարտությամբ հայտարարեց, որ եթե ժողովուրդը գար գերագույն գլխավոր հրամանատարի վրա, մի 800-1000 մարդ պիտի սպանեինք։

Սա դեռ իրենք էին սպանելու, իսկ թե արդյունքում բազմահազարանոց հանրահավաքի խուճապահար մասնակիցները իրար ոտատակ տալով քանի քանիսին կսպանեին դա արդեն անգամ սարսափելի է պատկերացնել։ Ու ասել թե 1996-ին զոհեր չեղան, դրա համար չենք հարցն այժմ քննում ու դատապարտում, խիստ անհամոզիչ է, քանի որ եթե նախագահական նստավայրի մոտ նախազգուշական օդ կրակելուց հետո Վազգեն Մանուկյանը շարունակեր ժողովրդին առաջ տանել, 2008-ի նման տաս չէ, գուցե հազար կամ տաս հազար զոհեր լինեին։ Ահա թե ինչու է հասարակության սթափ դատող հատվածը համարում, որ 2008-ի ամբողջական բացահայտմանն ուղղված իշխանությունների ջանքերը քաղաքական շարժառիթ ունեն։

Ու եթե փորձ է արվում բոլոր նախկին ուժեղ խաղացողներին կամ էլ նրանց մերձավորներին կալանավորել, նաև այն պատճառով, որ նրանց կողքից կհեռանան թիմակիցները ու նրանց դիրքերը կթուլանան, ապա պետք է հիասթափեցնեմ․ կհեռանան թույլերն ու պատեհապաշտները, փոխարենը՝ ի պաշպանություն հանդես կգան սկզբունքային հանրային գործիչներ, ավելին՝ նրանց կողքը պինդ կկանգնեն ուժեղները։ Այնպես որ մեր իշխանությունները պետք է գիտակցեն, որ այս մեթոդներով գործելու պարագայում հակառակ արդյունք ենք ունենալու։

Ես մեկուկես տասնամյակ իմ հրապարակային ելույթներով բավական կոշտ քննադատել եմ նախկին իշխանություններին, հատկապես հասցեական՝ երկրորդ և երրորդ նախագահներին ու այսօր իշխանությունների կողմից նախկինների հանդեպ այս բիրտ ճնշումներին անդրադառնալով` առաջին հերթին ակնկալում եմ, որ մեր ժողովուրդի աջակցությունը վայելող առաջնորդը հրեշ չդառնա։

Նպատակին հասնելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չառնող իշխանությունը, խախտելով խաղի գրված ու չգրված բոլոր կանոնները` լինեն դրանք իրավական, քաղաքական, թե բարոյական, մի որոշ ժամանակ անց կառչելու է աթոռից մտածելով, որ եթե իրեն գահընկեց անեն, ապա պատասխան է տալու ցանկանցած հաջորդ իշխանության պարագայում ու պետք է ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա։

Իսկ եթե իր ու իր հարազատների ապագայի համար տագնապը մտավ իշխանավորի սիրտը, ապա նա կարող է դառնալ շատ վտանգավոր, ու մենք որոշ ժամանակ անց պարզապես երանի կտանք Երրորդ Հանրապետության գրեթե ողջ ընթացքի ավտորիտար ռեժիմներին, քանի որ այս դեպքում կունենանք տոտալիտար վարչակարգ։ Արդյունքում՝ երկրի զարգացումը տասնամյակներով հետընթաց կապրի, բռնապետությունից ազատվելու քայլերը կլինեն արյունալի։ Իսկ թե այդ ամենից ինչպես վարպետորեն կօգտվեն մեր հակառակոդները, դժվար չէ ենթադրել։

Ավարտեմ խոսքս կենդանի դասականի հորդորով՝ սթափվե՜ք։ Հետ քաշվեք ձեր այս անհավասարակշիռ ու ագրեսիվ դիրքից, հասկացե՜ք վերջապես՝ մենք արդեն ընդհուպ մոտեցել ենք սխալների անդառնալիի գծին: 

Էդվարդ Անտինյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ