25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոնարհությունը խեղճությունը չէ

Ամենագայթակղիչ ծուղակներից մեկը, որը սատանան աշխարհի միջոցով հյուսում է և մեծ ու համեղ թխվածքաբլիթի պես առաջարկում մարդուն՝ հանրահայտ, հայտնի դառնալու սինդրոմն է: Այս երևույթը կարող ենք տեսնել ոչ միայն աշխարհիկ մարդկանց մեջ, այլև հոգևոր աշխարհում և այն դրսևորվում է տարբեր անհատների մոտ տարբեր գայթակղությունների տեսքով, որոնց միջոցով չար ոգիները մարդուն ներքաշում են իրենց ծուղակի մեջ՝ մարդու երևակայությունը պատելով պատրանքներով ու սնափառությամբ:

Սա մեծ գայթակղություն է, որից խուսափելն անհնար է լինում, եթե իրական խոնարհության ձգտում չես ունենում: «Հոգևոր պատերազմ» գրքում նշվում է, որ միշտ պետք է վախենալ հոգևոր հպարտությունից, քանի որ այն փուչ է դարձնում մեր բոլոր գործերը: Իսկ Սրբակյաց, ճգնակենցաղ Վարսոնոֆի Օպտինացին նշում է, որ Աստծու համար նախընտրելի է մեղավոր խոնարհը, քան հպարտ ճգնավորը: Հոգևոր կյանքի մեծագույն ձեռքբերումներից է խոնարհությունը:

Եվ Հիսուս ասում է. «Սովորեցեք Ինձնից, որ հեզ եմ և խոնարհ սրտով» (Մատթեոս 11.29): Բայց սա այն խոնարհության ընկալումը չէ, որն աշխարհիկ մարդն է հասկանում և նույնացնում խեղճության հետ: Երբ մարդիկ քննադատում են, թե Ավետարանը խոնարհություն քարոզելով սովորեցնում է հլու-հնազանդ հպատակություն և խեղճություն, նշանակում է նրանք կա՛մ չեն կարդացել Ավետարանը, կա՛մ էլ կարդացել են, սակայն չեն ընկալել Ավետարանի պատգամը, որովհետև հոգևոր խորհուրդները դիտարկել են մարմնավոր աշխարհայացքին համապատասխան, հատկապես իրենց անձնական մոտեցումների, ընկալումների մտահորիզոնում:

Հոգևոր խոնարհությունը մարդուն օժտում է քաջությամբ, կամքով և ներքին ներդաշնակությամբ: Հիշենք թեկուզ մեկ դրվագ Ավետարանից, երբ եկան Հիսուսին ձերբակալելու, Նա ընդառաջ ելավ նրանց և Նրա զորավոր խոսքից և վեհությունից, խարդավանքի մասնակիցները ետ-ետ գնացին ու ընկան (Հովհ.18.5-6): Խոնարհության մեջ չկա վախ և տագնապ, կասկածներ և տառապանք:

Հոգևոր խոնարհությունը լեցուն է աստվածային սիրով ու լույսով: Խոնարհությունը կատարյալ ինքնաճանաչման ուղի է, երբ քեզ տեսնում ես իրապես այնպիսին, ինչպիսին էությունդ է, այլ ոչ թե ինչպես ցանկանում ես տեսնել: Խոնարհությունը նաև սխալը տեսնելու, ընդունելու և ուղղվելու կարողություն է: Եվ ինքդ քեզ իրապես տեսնելով՝ Ադամի նման չես փախչում, թաքնվում Աստծուց, այլ խոնարհ սրտով ու հոգով, լեցուն սիրո լույսով դուրս ես գալիս Երկնավոր Հոր առջև` խոստովանելով քո իրական էությունը, արարքները, ապաշխարություն ապրելով, որը բերում է հոգու խնդություն և խաղաղություն` ընդելուզված աստվածային լույսի երփնավառ զարդանախշերով:

«Հովիվ» ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ