Երբ մեծ կամ փոքր փորձություններ պատահեն ձեզ
Տեր, մեզ զորություն տուր հաղթելու փորձությունը, ինչպես Դու արեցիր անապատի մեջ:
Փորձությունը հաղթահարելու առաջին քայլը այն է, որ տեսնեք ու ճանաչեք նրա փորձություն լինելը: Այլ կերպ ասած` տարանջատեք այն ձեզնից:
Երբեք մի մտածեք, թե փորձությունը արդյունքն է ձեր հոգնածության, հիվանդության կամ աղքատության, կամ բարկության, որպեսզի թուլանալով տեղի չտաք նրան. այլ` ամեն ինչից առաջ պետք է իմանաք, եթե լսել եք Ձայնս. «Երկինքը բացված տեսավ ու Ձայն լսեց». և ճանապարհ եք ելել` կատարելու հոգիները Ինձ բերելու առաքելությունը, պետք է ակնկալեք հզոր հարձակումներ թշնամու կողմից, որ կջանա ամեն գնով վհատության հասցնելով` անգործության մատնել ձեզ և արգելք լինել ձեր առաքինի գործերին: Նման հարձակումները թող ձեզ անակնկալի չբերեն:
Ուրեմն երբ մեծ կամ փոքր փորձություններ պատահեն ձեզ, համոզված եղեք, որ դրանք բոլորը ծրագրված են չարի կողմից` հակառակվելու համար Ինձ: Այդ ժամանակ Իմ Սիրո Զորությամբ դուք պետք է հաղթե՛ք փորձությանը:
«Աստծո կանչը» գրքից:
Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից: