Մխիթարյանը` հայկական խորովածի, շախմատի նկատմամբ սիրո եւ իր վոկալային տվյալների մասին
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանը տիրապետում է 6 լեզուների, սիրում է խաղալ շախմատ եւ դեմ չէ փայլել իր վոկալով ”Բորուսիայի” երկրպագուների առջեւ: Այսպես է սկսում Российская газета-ն Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույցը: Ներկայացնում ենք կրճատումներով:
– Հենրիխ, ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջեւ առաջին մրցաշրջանում:
– Ղեկավարությունը նախապես խնդիր է դրել զբաղեցնել երկրորդ տեղը Գերմանիայի առաջնությունում, հաղթել երկրի գավաթը եւ դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Ինչ վերաբերվում է ինձ, ապա լավ կլիներ շատ գոլեր խփել, շատ փոխանցումներ կատարել:
– Ինչպե՞ս են գործերը թիմակիցների հետ: Ֆուտբոլից դուրս շփվու՞մ եք:
– Թիմում կա ավանդույթ՝ բոլորով միասին գնալ ռեստորան: Դա օգնում է միմյանց ավելի լավ ծանոթանալ: Ստացվում է, որ մենք ավելի մտերիմ ենք դառնում, բացի այդ չի խանգարում լրացուցիչ անգամ համեղ ուտելը:
– Ռեստորանները, հավանաբար, գերմանական են: Իսկ ի՞նչ կասեք խաղընկերներին իսկական խորովածի շուրջ տեսնելու կապակցությամբ:
– Հաճույքով, բայց եթե Դորտմունդում բացվի հայկական ռեստորան: Առայժմ նման բան ես չեմ տեսել:
– Վերջերս ինտերնետում հայտնվեց ձեր մանուկ հասակի լուսանկար, որում Դուք ”Բորուսիայի” մարզաշապիկով եք: Մի՞թե դեռ այն ժամանակ երազում էիք խաղալ դորտմունդցիների կազմում:
– Այդ լուսանկարում 11 տարեկան եմ: Մարզիչը երեխաների ծնողներից հավաքել էր գումար մարզահագուստի համար: Այդ ժամանակ Հայաստանում որեւէ հայտնի ակումբի մարզաշապիկ ձեռք բերել հնարավոր չէր: Բայց մեր մարզիչը կարողացավ գտնել տարբեր ակումբների անհրաժեշտ քանակությամբ մարզաշապիկներ, որոնք բերել էին Չինաստանից: Ինձ բաժին հասավ «Բորուսիան», այնպես որ, ինչ-որ առումով դա ճակատագիր է:
-Բացի ֆուտբոլից, ի՞նչ հոբբի ունեք:
– Սիրում եմ երբեմն դուրս գալ քաղաք եւ զբոսնել: Երբ ինձ մոտ են գալիս մայրս կամ քույրս, ապա անպայման դուրս եմ գալիս նրանց հետ մաքուր օդ շնչելու: Ի դեպ, քրոջս համար Դորտմունդը հեռու չէ, քանի որ նա աշխատում է ՈւԵՖԱ-ում եւ ապրում է Նիոնում: Բացի զբոսանքից, սիրում եմ շախմատ խաղալ:
– Իսկ ու՞մ հետ եք խաղում:
– Հիմնականում ինտերնետում: Երբեմն լինում է, որ 2-3 ժամ չեմ հեռանում համակարգչից:
– Որտեղի՞ց նման սեր դեպի այդ խաղը:
– Հավանաբար նրանից է, որ շախմատը նման է ֆուտբոլին: Երկու դեպքում էլ հարկավոր է անընդհատ մտածել եւ կայացնել ճիշտ որոշումներ:
– Ցանկություն չի եղե՞լ մրցելու հայտնի հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ:
– Չեմ կարծում, թե կկարողանայի երկար դիմակայել նման վարպետի, սակայն փորձել, հավանաբար, կարելի է:
– Լսել եմ, որ Դուք նաեւ լավ երգում եք:
– Հավանաբար, Դուք դիտել եք տեսանյութը, որտեղ ես դեռ հանդես էի գալիս Դոնեցկի «Շախյորում» եւ երգեցի ոսկե մեդալների հանձման արարողության ժամանակ: Հետաքրքիր պատմություն էր: 2012/13թթ, մրցաշրջանի մեկնարկից առաջ, երգչուհի Գայտնան, որը համարվում է «հանքափորների» երկրպագու, խոստացել էր, որ ակումբի հիմնը կերգի հայերեն, եթե Մխիթարյանը դառնա լավագույն ռմբարկու: Ինձ հաջողվեց խփել 25 գնդակ եւ դառնալ լավագույն ռմբարկու, իսկ Գայտանան պահեց խոստումը: