15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Կրթությունն ինքնահոսի է մատնված.Անահիտ Բախշյան

Մի քանի օր առաջ Բաց հասարակության հիմնադրամի ու “Բարև” գիտակրթական ՀԿ-ի կողմից մեր հասարակությանը ներկայացվեց Հայաստանում հանրակրթության բարեփոխումների համատեքստում իրականացված “Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կրթության բովանդակության գնահատում” վերլուծությունը, որն արձանագրել է հանրակրթության ոլորտի 15-ամյա բարեփոխումների ձախողումները: Արձանագրված կարևորագույն փաստերից առաջինը կնշեի կրթության ֆինանսավորման տարեցտարի անկումը`  2009-ին ՀՆԱ-ի ` մոտ 3%, իսկ2013-ին` 2.37% այն դեպքում, երբ Կրթության զարգացման 2011-2015թ.թ. պետական ծրագիր օրենքը 2015-ին դրել է 4%-ի պահանջը: Բնականաբար պակասել են նաև հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորումները: Վերլուծությունը բնականաբար հրապարակային էր ու կարծում եմ, հրավիրված պետք է լինեին ԿԳ նախարարության պատասխանատու ու որոշումներ կայացնող պաշտոնյաները, ցավոք ԿԳՆ-ն ներկայացնում էր հանրակրթության վարչության մասնագետը, ով իրավիճակի համար  առաջին պատասխանատուներից  չէ:

“Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կրթության բովանդակության գնահատում” վերլուծության մեջ շատ կարևոր  եզրահանգումներ և առաջարկներ կային, որոնք պե՛տք է լսեին պատասխանատու պաշտոնյաները և պատասխանեին ծագած բոլոր հարցերին ու տային հրապարակային պարզաբանումներ` թեկուզ հիմնավորեին վերլուծության հետկապված իրենց անհամաձայնությունները: Իրենց բացակայությունը նշանակում էր խուսափել  այդ   պարզաբանումներից:

Ես կսևեռվեմ ուսուցիչներին ցուցաբերվող մասնագիտական աջակցությանն ու վերապատրաստումների   որակին  վերաբերող եզրահանգումների ու  առաջարկների  վրա:

Վերլուծությունը փաստում է, որ ուսուցիչներն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունեն իրենց մասնագիտական պատրաստվածության և մանկավարժական մոտեցումների պակասի վրա հիմնված որակյալ ու բազմազան վերապատրաստումների: Նրանց պետք է լիցքավորել մանկավարժական նորույթներով, պե՛տք է կատարելագործել, ինչպես ցանկացած գործիք:

Սա ուսուցիչների համար անհրաժեշտ, պահանջված գործընթաց է, սա խնդիր է որի լուծումը տալիս է   “Հանրակրթության մասին”  ՀՀ օրենքը՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող,  ԿԳ նախարարի հրամանով  երաշխավորված  կազմակերպություններ ունենալու պահանջով:”Հանրակրթության մասին”  ՀՀ օրենքի համաձայն ամեն տարի յուրաքանչյուր ուսումնական հաստատության ուսուցչական համակազմի 20%-ի նախաատեստացիոն վերապատրաստման համար պետբյուջեն դպրոցին պետք է տար համապատասխան ֆինանսավորում, իսկ նա այն պետք է փոխանցեր իր ընտրած վերապատրաստող կազմակեպությանը: Արդյունքում կձևավորվեր վերապատրաստող կազմակերպությունների շուկան, որը կխթաներ մրցակցությունն ու կապահովեր վերապատրաստումների բազմազանությունը, այն տարեցտարի կկատարելագործվեր և կհամապատասխանեցվեր  ուսուցիչների  պահանջներին:

Այս կետն աշխատեց մեկ տարի` այն էլ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Այդ երաշխավորված վերապատրաստող  կազմակերպությունները ֆինանսավորվեցին, նրանք ստացան համապատասխան գույք ու տեխնիկա, մեկ տարի կազմակերպեցին վերապատրաստումներն ու վե՛րջ: Համաշխարհային բանկի գումարները փոշիացան, ՀՀ Վերահսկիչ պալատը համեմատելով այդ կազմակերպությունների կողմից մեկ ուսուցչի վերապատրաստման ծախսը Կրթության ազգային ինստիտուտի ծախսի հետ, որն անհամեմատ ցածր էր, դա որակեց անարդյունավետ ծախս՝ չանդրադառնալով օրենքին:  Արդյունքում ՀՀ օրենքի պահանջով սկսված ծրագիրը փակվեց: Այնինչ պատկերացնում եմ, թե Համաշխարհային բանկի հետ պայմանագիր կնքելիս, փողը ստանալու համար բանակցողներն ինչ եռանդով են հիմնավորել ուսուցիչների վարպետությունը բարձրացնելուն միտված այս ծրագրի ֆինանսավորման անհրաժեշտությունը: Արդյունքում տուժեց հանրակրթության որակը, հերթական անգամ հեղինակազրկվեց  “կրթության  բարեփոխում”-ը: Ցավոք նույն  վիճակն է սպասվում 2014-ին:  ԱԺ պատգամավորի  հարցմանն ի պատասխան,  ԿԳ նախարարի 27.03.2014թ. նամակում գրված է.”2014թ. պետական բյուջեով նախաատեստացիոն վերապատրաստումներ անցկացնելու համար  նախատեսված  գումարը հատկացվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով երաշխավորված /10/  կազմակերպությունների ցանկում ընդգրկված Կրթության ազգային ինստիտուտին”:

Գիտե՞ք սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ ոչ մի լումա վերոնշյալ նպատակի համար պետական բյուջեն չի  տրամադրել, կրկնվում եմ, սակայն մեկ  անգամ  էլ  շեշտեմ` ոտնահարելով   ՀՀ Օրենքը:

Ստիպված  ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետն այս հարցում էլ է արհամարհել այն օրենքը, որով պետությունը պարտավորվել է իրացնել մեր երեխաների որակյալ կրթության սահմանադրական իրավունքը, այսինքն արհամարհել է ՀՀ Սահմանադրությունը: Սա  արդեն  բնավորություն է դարձել:

 

 

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու

<<Բարև Երևան>> խմբակցության անդամ

03.04.2014

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ