Վարչապետը պարզաբանում է ՍԴ-ի որոշումը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/images_(11)_1396510290.jpg)
Այսօր նախքան Կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը: Հիշեցնենք, օրենքի որոշ դրույթներ ՍԴ-ը համարեց Սահմանադրությանը հակասող և ժամանակ տվեց ԱԺ-ին ու Կառավարությանը՝ մինչև սեպտեմբերի 30-ը շտկելու դրանք:
՛՛Այսօր ես ձևավորելու եմ աշխատանքային խումբ, մենք բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին պետք է ներկայացնենք ԱԺ-ին օրենսդրական փաթեթ, որը հաշվի է առնելու բոլոր այն նորմերը, որոնք սահմնաված են ՍԴ որոշման մեջ, որպեսզի շտկենք օրենսդրությունն ու վերացնենք հակասահմանադրական նորմերը՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Գործադիրի ղեկավարը նշեց, որ սա բացառիկ հնարավորություն է քաղաքացիական հասարակության համար Կառավարության հետ միասին մասնակցելու այս օրենսդրական փոփոխություններին, բարելավել գործող համակարգը: Վարչապետը դիմեց քաղաքացիական հասարակությանը, այն ակտիվիստներին, որոնք իրենց ուշադրության կենտրունում են պահել այս համակարգն ու հրավիրեց նրանց երկխոսության՝ աշխատելու հանուն ավելի լավ օրենսդրության, որը հաշվի կառնի ՍԴ-ի ընդունած որոշումը: ՛՛Մենք ակնկալում ենք երկխոսության սկիզբ ու օրենսդրության կատարելագործում այդ ուղղությամբ՛՛:
Աշխատանքային խմբում ընդգրկված են Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Արդարադատության նախարարությունները և ԿԲ-ը:
Ինչ վերաբերում է տարբեր տեսակետներին, թե ՍԴ որոշումը նշանակում է, որ պահումներ չեն արվելու մինչև սեպտեմբերի 30-ը, վարչապետն ընդգծեց, որ ինքը ՍԴ որոշումն այդպես չէ հասկացել:
՛՛Դա նշանակում է, որ օրենքն այն տեսքով, ինչով ընդունվել է Ազգային ժողովի կողմից, պետք է աշխատի մինչև սեպտեմբերին 30-ը, իսկ մենք մինչև այդ վերանայելու ենք հակասահամնադրական ճանաչված դրույթները՛՛:
Արդարադատության նախարարը հաստատեց՝ նման պարագաներում օրենքը համարվում է սահմանադրական մինչև ուժը կորցնելը: ՛՛Մեր քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների համար հունվարի մեկից ուժի մեջ մտած օրենքը գործում է: Բոլորը պետք է ղեկավարվեն գործող օրենքով՛՛,-հավելեց նա: