Ազնիվ չէ իշխանության դիրքերից ընդդիմություն խաղալը
Պարոն Փաշինյանն այսօր հավակնոտ արտահայտություն արեց՝ նշելով, որ իր թիմն իրականացրել է այն, ինչ խոստացել են:
Խնդիր ունենք, շատ մեծ խնդիր: Երկրի առաջին դեմքի մակարդակով նման վտանգավոր հայտարարություններով հանդես գալը պատվաբեր չէ, քանի որ իրենք կասեն արել են, ես կասեմ՝ ոչ բոլորը…
1. Խոստացվեց, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը կհեռացվեն: Ավելին, դրանցից ոմանք՝ ի նշան բողոքի, սկոճվեցին: Ասվեց, բաց չարվեց: Ու դեռ ավելին, շատացավ դրանց թիվը:
2. Ասվեց, որ աշխատավարձ կբարձրացվի, բայց չարվեց: Նշեմ՝ եկամտահարկի աննշան նվազեցումն աշխատավարձի բարձրացում չէ: Չկա տնտեսագիտության մեջ նման երևույթ:
3. Խոստացան, որ այսուհետ երկրում սեր ու համերաշխություն է տիրելու, ավելի կիսված, ավելի պառակտված, ավելի անհանդուրժող մթնոլորտով ժամանակաշրջան իմ գիտակից կյանքի ընթացքում չեմ հիշում:
4. Խոստացվեց, որ մենաշնորհ չի լինի՝ քաղաքական դաշտում նշմարվում է բացարձակ մենաշնորհ: Առնվազն ամեն ինչ արվում է մենաշնորհային Խորհրդարան ունենալու համար:
5. Խոստացվեց, որ առանց կաշառքի ընտրություններ կանցկացվեն, քաղաքապետի թեկնածուին անցկացրեցին ՝ “Նիկոլ Փաշինյան” կաշառքով: Էլ չասեմ, որ զավեշտ էր Մարությանի նախընտրական քարոզարշավներում Փաշինյանի ավելի շատ հանդես գալը:
Պարո՛ն Փաշինյան, հասկացեք ի վերջո, որ այլևս իշխանություն եք, ընդդիմությանը բնորոշ մաքսիմալիստական հայտարարությունները տեղին չեն:
Ազնիվ չէ իշխանության դիրքերից ընդդիմություն խաղալը… առնվազն Ձեր ընտրողի նկատմամբ:
Սրբուհի Մարկոսյան