“Հանրապետականները” ստորագրություն են հավաքում Խաչիկյանի համար
Henaran.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել` փոխելու Ախթալայի քաղաքապետ Հայկազն Խաչիկյանի եղբոր՝ Կարեն Խաչիկյանի խափանման միջոցը` հաշվի առնելով վերջինիս առողջական վիճակը: Նման իրավունք տալիս է Հայաստանի Քրեական դատավարության օրենսգիրքը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորված Կարեն Խաչիկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը զգալի չափերի վնաս է պատճառել:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության` Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը եւ Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետեւ վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր “Մերսեդես Բենս” մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Սրանից հետո Խաչիկյանը հորեղբոր տղայի հետ գնացել է Չիչյանենց տուն, վնասել գույքը, հարվածել տանը գտնվողներին:
Նշենք նաեւ, որ Խաչիկյանին սպասվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: