01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմ տեսած դիակները, ինձ չէին պատմում մարդու իրավունքները հարգելու մասին. պատգամավորները վերադարձել են Քեսաբից

ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Թևան Պողոսյանը նոր են վերադարձել Լաթաքիայից, որտեղ ապաստանել են քեսաբահայերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշեցին, որ այցելությունը Լաթաքիա եղել է մասնավոր նախաձեռնություն:

“Գնալը շատ կարևոր էր, մանավանդ մարդկային տեսակետից: Բոլոր հայերի և ուրախությունը, և ցավը  պետք է մերը լինի: Դժվար էր զրուցել այդ հայերի հետ և չհուզվել: Անձամբ ինձ համար դա նման էր Բաքվի հայերի պատմություններին: Մենք գոնե ինչ-որ կերպ կարողացանք սփոփել այդ մարդկանց: Լավ կլինի, որ այլ խմբեր ևս մեկնեն այնտեղ, որ հայերը հասկանան, որ ցանկացած խնդիր ու ցավ բոլոր հայերի խնդիրն ու ցավն է”,-նշեց Թևան Պողոսյանը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը անդրադարձավ տեղահանման գիշերվան. “Մարտի քսանմեկի գիշերը լուսադեմի մոտ, հերթապահները նկատել են, որ թուրքական սահմանից սահմանապահները հետ են քաշվել ու այնտեղից կրակոցներ են սկսվել: Թուրքական հրոսակախումբը չէր կարող իր պլանը իրականացնել, եթե բանակն ու օդուժը չօգնեին: Երկու ինքնաթիռ օդ են բարձրացել: Սիրիական բանակի ձեռքերը այդ ժամանակ ըստ էության կապված են եղել: Նրանք չեն պատկերացրել, որ հարձակում կլինի: Հետևանքների ականատեսը ողջ աշխարհն է’’,-նշեց Մարուքյանը:

Քեսաբահայերի մեծ մասը Լաթաքիայում հարազատներ չունենալու պատճառով ապաստանել են հայկական եկեղեցում: Նրանք հույս ունեն, որ սիրիական բանակը հետ կնվաճի Քեսաբը և իրենք կվերադառնան իրենց տները: Պատգամավորները հավաստում են, որ քեսաբահայերը վստահ են, որ վերադառնալու են:

”Մարդ կար որ երեք օր գերի էր եղել: Պատմում էր, թե ինչպես է վերադարձվել և թե ինչ դաժան են եղել այդ օրերը: Այդ մարդը վկայում էր, որ զինյալները ֆինասավորում են ստացել՝ օրեկան չորս հարյուր դոլլար: Դրան էլ գումարած ավերել ու թալանել են հայերի տները: Ոսկի ու ունեցվածք արդեն գոյություն չունի”,- տեղեկացրեց Մարուքյանը:

Թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ կարճ անդրադարձ անելով վերջին հարյուրամյակի պատմական անցքերին՝ տեղեկացրեց, որ  թուրքերի մոտ կա այն կեղծ հիմնավորումը, թե Քեսաբը իրենցն է:

“ Քեսաբը միակ սահմանն էր, որ չի անցել գրոհայինների ձեռքը, բայց վաղ թե ուշ դա պիտի լիներ: Քանի որ այն համարվում է Ասադի և նրա ընտանիքի սիրած բնակավայրերից մեկը”,-ասաց թուրքագետը:

Թևան Պողոսյանը փաստեց, որ քեսաբահայերը բավականին հարուստ են եղել և իր տեղեկություններով մինչև  քառասունվեց միլիարդ դոլլարի ունեցվածք է մնացել Քեսաբում:

”Չնայած Թուրքիան փորձում է հումանիստի դիմակ հագնել ու գրոհայինները նկարվում են մեր եկեղեցիներում` տեղադրելով դրանք համացանցում, դրանով փորձելով ցույց տալ, որ չեն սպանել ու չեն քանդել, այնուամենայնիվ, այնտեղ հեռախոսի մեջի իմ տեսած դիակները ինձ չէին պատմում մարդու իրավունքները հարգելու մասին”, -հավելեց Էդմոն Մարությանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ