28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշակերտները ծեծել են թանգարանի աշխատակցուհուն /ֆոտո/

Մարտի 28-ին Երեւանի ՛՛Վարդանանց ասպետներ՛՛ թիվ 106 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների պատմության դասն անցավ Ազգային պատկերասրահում: Աշակերտները շրջեցին Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Մինաս Ավետիսյանի, Մարտիրոս Սարյանի, Գեւորգ Բաշինջաղյանի ցուցասրահներում, մանրամասն ներկայացրեցին հայազգի արվեստագետներին, նրանց կենսագրությունն ու գործերը:

Պատկերասրահի թանկարժեք ցուցասրահները դատարկ էին: Օրվա այցելու-հերոսները տասնչորս-տասնհինգ տարեկան պատանիներն էին, որոնց բացահայտող հայացքների ջերմությունից կտավների ու դատարկ ցուցասրահների հպարտ խաղաղությունը խախտվեց, գույները խտացան ու մեկեն շունչ առան … ուրեմն ներկան անիմաստ չէ, ուրեմն ապագան էլ կորսված չէ, դեռ հույս կա:

Երեխաները պատմեցին եւ քննարկեցին հատ-հատ՝ Այվազովսկու ՛՛9-րդ ալիքը՛՛, ՛՛Թուրքական նավի պայթյունը՛՛, ՛՛Հայկական ջարդերը Թուրքիայում՛՛, ՛՛Նոյն իջնում է Արարատից՛՛, Սուրենյանցի ՛՛Արա Գեղեցիկ եւ Շամիրամ՛՛, ՛՛Խրիմյան Հայրիկ՛՛, ՛՛Լքյալը՛՛, ՛՛Պղծված սրբություն՛՛, Սարյանի նատյուրմորտները, Մինաս, Բաշինջաղյան … խոսեցին երկար եւ այնքան հետաքրքիր, որ թանգարանի աշխատակիցները կլանված լսում էին եւ քթի տակ ժպտում: Վերջում շնորհակալություն ասացին ուսուցչին, որ ՛՛նման երեխաներ ունենք՛՛:

Թող ներեն նրանք, ովքեր սկանդալային վերնագրից ոգեշնչված ստիպված եղան ընթերցել ՛՛անպիտան՛՛ ինֆորմացիա: Այս դեպքում նպատակն արդարացնում է միջոցը: Վերջին շրջանի փորձից ելնելով՝ ավելի քան համոզված եմ, վերնագրեր, որոնք վերաբերում են ազգային մշակույթին, կրթությանը եւ նմանօրինակ այլ հարցերին, քչերին է հետաքրքրում: Լրագրողներս էլ հոտառություն ենք ձեռք բերել՝ կերակրում ենք ընթերցողին սկանդալային եւ ռեյտինգային նյութերով: 

Հիմա կասեք՝ ինչ է որ, աշակերտները թանգարան են այցելել, իբր ի՞նչ մի գրելու բան է … էս երկրում էլ խնդիր չկա՞ : Իսկ ինչ գրելու բան էր, որ մամուլը պայթեց աշակերտների կողմից դերասանին ծեծի ենթարկելու շուրջ ծայրահեղ վերնագրերով նյութերից: 

Իհարկե կա, այն էլ ինչքան եւ առաջին հերթին այն, որ անընդհատ ՛՛ողջույն գաղջություն՛՛ ասելով՝ դատապարտում ենք մեզ ընտրություն կատարել վատի եւ վատթարագույնի միջեւ: 

Հ.Գ. Ի դեպ, Հայաստանի ազգային պատկերասրահ այցելությունը յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթն անվճար է: Սա, իմիջայլոց, իսկ ընդհանրապես որպես քաղաքացի շնորհակալություն եմ ուզում հայտնել դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանին, պատմության ուսուցչուհի Մարինա Մադոյանին: 

 

Լիլիթ Դավթյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ