Փորձի փոխանակում արցախցի եւ հայաստանցի երիտասարդների միջեւ
Մարտի 28-30-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում համախմբվել էին ԼՂՀ եւ ՀՀ երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների շուրջ 65 ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն էր։
Դեռեւս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ՀՀ երիտասարդական եւ ուսանողական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ երկու երկրների երիտասարդների միջեւ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու, միմյանց խնդիրները հասկանալու, անելիքներն ու ծրագրերը համատեղ քննարկելու եւ լուծումներ տալու համար։
Արցախյան այս այցելության ընթացքում էլ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հայաստանյան ուսանողական կառույցները տարվա մեջ գոնե մեկ ծրագիր իրականացնեն Արցախում, ինչպես նաեւ՝ հնարավորություն տալ արցախցի երիտասարդներին այցելել Հայաստան, ծանոթանալ տեսարժան վայրերին ու մասնակից դառնալ որոշակի դասընթացների։ Այս տարվա ընթացքում արդեն իսկ ՀՀ ուսանողական կառույցները մի քանի ծրագրեր իրականացրել են Լեռնային Ղարաբաղում, պաշտպանության բանակի զորամասերում։
Մարտի 28-30-ն Արցախի բուհերի ուսանողական կառույցների ներկայացնող երիտասարդները Ծաղկաձորում անցկացված դասընթացի շրջանակներում ծանոթացան հասարակական աշխատանքի, ուսանողական ինքնակառավարման առանձնահատկություններին, հայաստանցի իրենց գործընկերների հետ իրականացրին փորձի փոխանակում։
Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության նախագահ Հարութ Մնացականյանի տեղեկացմամբ` ԼՂՀ հասարակական կազմակերպությունները վերջին 3-4 տարիների ընթացքում ավելի են ակտիվացրել իրենց գործունեությունը։ ՙՄեր երիտասարդների մոտ հասարակական աշխատանքի փորձի որոշակի պակաս կա։ Այդ առումով հետաքրքիր է փոխգործակցությունը հայաստանյան, ինչու չէ, նաեւ միջազգային կազմակերպությունների հետ։ Ինչ վերաբերում է ուսանողական ինքնակառավարման մարմիններին, ապա վերջիններս սերտ համագործակցում են միմյանց եւ Արցախի հասարակական կազմակերպությունների հետ։ Համատեղ ուժերով իրականացնում ենք համաքաղաքային, համապետական բազմաթիվ ծրագրեր՚,- նշում է Հարութ Մնացականյանը։
Խոսելով արցախցի երիտասարդների խնդիրների մասին՝ նա առանձնացրեց երիտասարդական աշխատանքի փորձի, ուսանողական մարմինների ինքնավարության պակասը։ ՙ
Խորհրդային տարիներից մնացած վարչահրամայական համակարգով ղեկավարվելու պրակտիկան այսօր ընդունելի չէ երիտասարդական դաշտում, որը պետք է ավելի ինքնատիպ, ստեղծարար լինի, որպեսզի կարողանա երիտասարդի առօրյան ճիշտ կազմակերպել, ամրապնդել ազգային արժեքների պահպանումը։ Իհարկե, կա նաեւ ֆինանսի խնդիր, թեեւ այս գործոնը ես ավելի փոքր եմ համարում, քանի որ եթե կա հետաքրքիր գաղափար, կարելի է կյանքի կոչել նաեւ փոքր գումարներով՚,- եզրափակեց Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության նախագահը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն