Ոստիկանությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի, ժամը 9.30-ի դրությամբ, Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի եւ Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն, ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, ինչը դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում (Ապարան, Մաստարա, Արթիկ, Սպիտակի ոլորաններ, Հրազդան) վտանգավոր է դարձնում մեքենաների երթեւեկությունը: Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն, եւ նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնենք, որ նախորդ գիշերվանից հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երեւանում եւ հանրապետության ճանապարհներին:
Տեղացած ձյունը բարդություններ էր ստեղծել ճանապարհային երթեւեկության համար. դժվարանցանելի էին Երեւանի փողոցներն ու մարզային ճանապարհները, մասնավորապես` Երեւան-Գյումրի, Երեւան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա էր ճանապարհահատվածի փլուզում եւ ավտոմեքենաների կուտակում:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները մարտի 30-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայության էին անցել եւ´ մայրաքաղաքում, եւ´ մարզերում. վերահսկվում էին փողոցներն ու ճանապարհները, պահակակակետեր էին գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները համակարգում էին ճանապարհաշինական բրիգադների եւ ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղեւորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում` մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթեւանի տրամադրումը:
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը շարունակվում է:
Վարորդներին կրկին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: