Վարչապետը բացահայտում է գաղտնիքը
՛՛Հայաստան-Մաքսային միություն, հնարավորություններ և մարտահրավերներ՛՛ թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովին ելույթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց այն հանգամանքը, որ Միջազգային արժութային հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը քաղաքական հայտարարություն է արել այն մասին, որ ՀՀ-ի անդամակցությունը ՄՄ-ին ավելի շատ դրական, քան բացասական ազդեցություն ունի մեր տնեսության վրա: Այս հիմնադրամն այդ եզրակացությանը եկել է ուսումնասիրելով մեր տնտեսության վրա ազդեցության բոլոր գործոններն ու այս խնդիրները Մոսկվայում ռուս գործընկերների հետ քննարկելով: ՛՛Առաջին կարևոր գործոնը, որից շահելու է բիզնեսը, որ անխոչընդոտ մեր տնտեսվարող սուբյեկտները մուտք են գործում սպառողական շուկա: Նոր ռեժիմների ստեղծումը հնարավորություն է տալիս անխոչըդնոտ իրացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները այս նոր շուկայում՛՛,-ասաց Տ. Սարգսյանը: Դրական են նաև մաքսային ձևակերպումների էական դյուրացումը, մաքսային վարչարարության պարզեցումը: ՛՛Հաշվի առնելով, որ մեր ապրանքաշրջանառության երկու երրորդն իրականացնում է այդ միասնական տնտեսական տարածքում, սա էական առավելություն է տալու մեր արտահանողներին՛՛: Բացի այդ շուկայական պայմանների զգալի բարելավում է նախատեսվում ու տեխնիկական խոչըդնոտների վերացում, քանի որ ձևավորվում է միասնական տեխնիկական կանոնակարգ:
5-րդ գործոնը ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնումն է: Մասնավորապես վարչապետը հիշերցրեց ՛՛Ռոսնեվթի՛՛ նոր ծրագիրը, որով մոտ 400 միլիոն ներդրում է լինելու ՀՀ-ում: ՄՄ-ի առավելություններից է նաև էժան հումքի հասանելիությունը: ՛՛Արդեն երեք պայմանագիր ստորագրել ենք ՌԴ-ի հետ, որը երաշխավորում է երկարաժամկետ ու կայուն հումքի մատակարարում տնտեսվարող սուբյեկտներին՛՛:
Այս ամենից շահելու են նաև ՀՀ քաղաքացինեը: Վարչապետի խոսքով՝ էապես նվազելու է արտագաղթի հոսքը:
Իսկ այն քննադատություններին, թե ինչու է Հայաստանն այսքան արագ գնում դեպի Մաքսային միություն, Տիգրան Սարգսյանն այսպես արձագանքեց. ՛՛Մեր աշխատանքները մեր գործընկերների հետ ցույց տվեցին, որ մենք կուտակել ենք լուրջ ինստիտուցիոնալ կարողություններ ու Հայաստանն արագ է առաջ գնում, քանի որ այդ աշխատանքները կան արդեն Հայաստանում, ու դա է գաղտնիքը, ու մենք ուրախ ենք, որ արժանացել ենք բարձր գնահատականների մեր գործընկերների կողմից՛՛: