23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը պոպուլիստական հայտարարությունների սիրահար է

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ արած հայտարարությանը, որ սպասվում են կոռուպցիոն խոշոր բացահայտումներ, և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հենց այդ օրը արվեց այդ հայտարարությունը և ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ իր կասկածները չեն կարող որևէ ուղղությամբ գնալ, քանի որ ինքը չունի որևէ ինֆորմացիա այդ գործի առնչությամբ:

«Ինչո՞ւ արեց նման հայտարարություն, որովհետև գաղտնիք չէ, որ վարչապետը ամբոխահաճո, պոպուլիստական  հայտարարությունների սիրահար է: Մեկ անգամ չէ, որ նա նման հայտարարություններ է արել: Այդ օրը Փաշինյանը հանդես եկավ ոչ թե որպես վարչապետի պաշտոնակատար կամ վարչապետի թեկնածու, այլ որպես «Իմ քայլը» դաշինքի ղեկավար»,-ասաց ԱԺ փոխնախագահը: 

Վերջինիս կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններով փորձում է մարդկանց էմոցիաները գրգռել:

«Վարչապետի ելույթների մեծ մասը հակասական են»,-հայտարարեց Շարմազանովը հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե  օպերատիվ կապ կա Ադրբեջանի նախագահի և իր միջև, բայց Ադրբեջանը հերքում է այդ կապը, նա ավելացրեց նաև՝ Դուշանբեյում Ալիևի և Փաշինյանի կարճ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանն  ասել էր, թե Ալիևը բավականին կիրթ մարդ է, բայց դրանից հետո հայկական կողմը կրկին զոհ ունեցավ սահմանին:

Շարմազանովը ընդգծեց, որ իրավական հայտարարություններ անելով Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը. «Վարչապետը, երբ նոր էր ընտրվել, ասում էր թե չի տիրապետում իրավական մարմնի փաստերին: Հիմա Փաշինյանն ասում է այսինչ մարդը  անպայման պետք է կալանավորվի, սրանից հետո խեղճ գլխավոր դատախազը «գլուխը ո՞ր քարովը տա», որ կալանավորման միջնորդություն չգրի: Բա սա ճնշում չի՞»,-հարցնում է մեր զրուցակիցը:

ԱԺ փոխնախագահը փաստում է՝ տնտեսական աճ այս ամիսների ընթացքում չի գրանցվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոսել այդ աճի մասին.«Փաշինյանն ասում էր, որ հեղափոխությունը դրական է ազդել տնտեսական աճի վրա, ո՞ւր է այդ տնտեսական աճը: Խոսում է ներդրումների և աշխատատեղերի մասին, բայց ներդրումներում Ամուլսարն է խնդիր, իսկ աշխատատեղերի շուկայում՝ Ալավերդին և Թեղուտը»:

Վերջինս նկատեց՝ նման հայտարարություններով վարչապետը փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը, և ավելացրեց, որ նման կոռուպցիոն բացահայտումներ եղել են նաև նախորդ իշխանությունների տարիներին, սակայն դրանք չեն բարձրաձայնվել.«Իսկ ինչի՞ համար են ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Դատախազությունը: «Սամ դնեվալնի, սամ դիժուրնի», էդպես չի լինում Պարո՛ն վարչապետ»,-ասաց Շարմազանովը:

«Ինձ մոտ էնպիսի տպավորություն էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս Ընտրական օրենսգիրքը փոխում է, որ այդ «պուպուշ, սիրուն» հանրապետականները գան մտնեն խորհրդարան, թե չէ 0 ձայն կհավաքեն: Պարո՛ն Փաշինյան էս 6,5 ամիս ա ինչ ասես ասում եք, հիմա եկել ասում եք Հանրապետականը 0 ձայն կհավաքի՞, կհավաքի թող հավաքի, բայց չի հավաքի. կգնանք ընտրությունների կտեսնեք»,-ԸՕ-ի փոփոխությանն անդրադառնալով ասաց Շարմազանովը:

Վերջինս հավելեց՝ անկախ այն բանից թե ընտրություններին  քանի տոկոս ձայն կհավաքի Հանրապետականը, դրանով չի ավարտվելու ՀՀԿ-ի կյանքը.«Եթե որոշ մարդկանց քաղաքական կյանքը կապված  է ընտրությունների հետ, մերը միայն դրա հետ չի կապված»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ