Անսպասելի հայտարարություն. Հայաստան շաքարավազի փոխարեն միայն հումքն է ներկրվում. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը իրենց թղթակցի հետ զրույցում անսպասելի բացահայտում է արել։
“Նա հայտնել է, որ Հայաստան շաքարավազ չի ներկրվում, այլ ներկրվում է միայն հումք՝ շաքարեղեգ։ Համենայն դեպս, ըստ պրն. Շաբոյանի, իրենց ստացած փաստաթղթերի և ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում սպառվող ամբողջ շաքարավազը արտադրվում է Հայաստանում՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանում, որը միակն է ՀՀ-ում։
Սա, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է, և ահա թե ինչու, Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ենթակա է մաքսազերծման, իսկ հումքը՝ ոչ։ Սրանից կարելի է ենթադրել, որ Հայաստան ներկրվող պատրաստի շաքարը ձևակերպվում է որպես հումք և չի մաքսազերծվում, իսկ դրա պատճառով ՀՀ պետբյուջեն հսկայական գումարներ է կորցնում։
Իրականում Հայաստան ներկրվում է պատրաստի շաքարավազ՝ ըստ այլ պաշտոնական տեղեկանքների, տարեկան մոտ 80 հազար տոննա։ Իսկ ՏՄՊՊՀ-ն իրականությունը պարզելու փոխարեն ներկայումս զբաղված է հեռուստատեսությամբ “հասարակական իրազեկման” տեսահոլովակներ “ֆռռցնելով””,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։