Նիկոլ Փաշինյանի պրոբլեմը. Հրապարակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պրոբլեմը, ըստ իս, այն է, որ նա շարունակում է աշխարհին նայել խմբագրի աչքով՝ խմբագրականներ է գրում, վերլուծություններ եւ լրագրողական հետաքննություններ անում ու դավադրություններ հայտնաբերում, հեգնում եւ հանդիմանում է քաղաքական գործիչներին, բռնում նրանց ստերը, կասկածներ հայտնում, վարկածներ առաջ քաշում, անանուն տեղեկություններ հրապարակում:
Այսինքն՝ այն, ինչ անում են լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքում: Բայց այդ վարքը երկրի վարչապետի կողմից, առնվազն, տարօրինակ է: Երկրի թիվ մեկ դեմքը չպետք է վարկաբեկի ընտրված թեկնածուին, եթե նա ժողովրդի քվեին է արժանացել, եւ չպետք է մեղադրի մի ամբողջ մարզի բնակչությանը՝ ասելով. «Հեղափոխությունը Սյունիք չի հասել, Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու, քանի դեռ մարզում կան տնտեսական եւ քրեական ուժեր»:
Վարչապետը չպետք է կիրառի «կապանյան մոդել» տերմինը, ինչ է թե «ՔՊ» ներկայացուցիչը չի դարձել քաղաքապետ: Վարչապետը չպետք է մեղադրի քաղաքական որեւէ ուժի՝ իշխանության ձգտելու, սեփական օրակարգն ունենալու, քաղաքական հակառակորդի դեմ քաղաքական քայլեր անելու համար: Վարչապետը չի կարող մի որջ համակարգ անվանել «մաֆիոզ կառույց», երբ 6 ամսվա մեջ այդ համակարգից ոչ մեկը չի պատժվել, նոր նշանակումներն էլ կատարվել են հին կադրային բանկից:
Վարչապետն իրավունք չունի նախաքննության ընթացքում գտնվող գործով հայտարարել՝ շուտով կհրապարակենք «Երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը», երբ իր նախորդ նմանօրինակ հայտարարության արդյունքում, պարզվեց, Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ նախագահի նկատմամբ ընդամենը զենք-զինամթերքի հոդվածն են կարողանում ապացուցել: Ու էլի բազում հայտարարություններ, որոնք համատեղելի չեն վարչապետի պաշտոնի հետ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: