Փաշինյանը վերջնականապես քար նետեց Ծառուկյանի վրա. Ժամանակ
Գործարարի ինչին է պետք գնալ Ազգային ժողով, խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ելույթ էր ունենում իր հրաժարականից հետո վարչապետի առաջադրման ֆորմալ գործընթացի շրջանակում: Ազգային ժողովը, ինչպես եւ քաղաքական համաձայնությունն էր, մերժեց վարչապետի թեկնածությունը, եւ յոթ օր անց փաստացի տեղի կունենա Աժ լուծարումը, իհարկե, երբ խորհրդարանը երկրորդ անգամ չի ընտրի վարչապետ:
Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը շատ շուտով, մոտ 30-40 օրվա ընթացքում կդառնա խիստ առարկայական, որովհետեւ տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն: Իսկ գործարարները, այդ թվում՝ խոշոր, անկասկած միայն ՀՀԿ-ում չէ, որ կան կամ եղել են, եւ այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի հայտարարության համատեքստում շատ ուշագրավ է դառնում, թե ինչպես են արտահերթ ընտրությանն իրենց պահելու այն գործարար-պատգամավորները, որոնք կան այս խորհրդարանում, եւ որոնց մի մասը միացել է հեղափոխությանն այս կամ այն փուլում: Այդ թվում են թե’ ՀՀԿ խմբակցությունն ու ՀՀԿ-ն լքած այն մոտ տասնյակ գոիծարարները, որոնք մայիսից հետո են, այսպես ասած, միացել հեղափոխությանը, եւ թե գուցե ամենաինտրիգայինը՝ Գագիկ Ծառուկյանը, որը հեղափոխությանը միացել է ապրիլի 25-ին եւ, ըստ էության, գլխավորում է մի քաղաքական ուժ, որը հավակնում է լինել երկրորդը թե’ նոր խորհրդարանում, թե’ ընդհանրապես ներքաղաքական պրոցեսներում՝ հավակնելով իշխանության այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը կկորցնի իր վարկանիշը՝ մինչեւ հերթական ընտրություն կամ գուցե արտահերթ:
Այդ իմաստով էլ հատկանշական է՝ Գագիկ Ծառուկյանը անձամբ գնալո՞ւ է խորհրդարան արտահերթ դեկտեմբերյան ընտրությանը, թե՞ Ծառուկյանը կանի Հայաստանի համար թերեւս աննախադեպ մի քայլ՝ հայտարարելով, որ չի դառնա պատգամավոր: Բանն այն է, որ այդ հանգամանքը լոկ մանդատի հանգամանք չէ, այլ քաղաքական կոնֆիգուրացիայի խնդիր եւ, ըստ էության, այդպիսով կարող է փոխվել ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը: Բանն այն է, որ մանդատի հավակնությունից հրաժարվելը գործարար Ծառուկյանի համար կնշանակի հրաժարվել նաեւ քաղաքական մասնակցությունից ընդհանրապես, այլ կերպ ասած՝ դուրս գալ քաղաքականությունից, փակել այդ էջը, այս անգամ կամովին եւ վերջնականապես:
Դա լիովին կփոխի նաեւ ԲՀԿ բնույթը որպպես կուսակցություն: Ավելին՝ այդ ճանապարհը կարող է լինել նաեւ ԲՀԿ «ռեբրենդինգի» որոշակի քայլ: Մյուս կողմից՝ սա կախված է, իհարկե, այն հանգամանքից, թե Գագիկ Ծառուկյանը ոիքանով երաշխավոիված կհամարի իր սեփականության անձեռնմխելիությունը: Քաղաքականությունը Գագիկ Ծառուկյանի համար նախ եղել է, իհարկե, համակարգային պարտավորություն՝ աստիճանաբար վերածվելով արդեն զուտ երաշխիքային մոդելի, երբ դրանում առկայությունը Ծառուկյանին անվտանգության եւ անձեռնմխելիության երաշխիք էր:
Ներկայումս իրավիճակը փոխվել է, սակայն, մյուս կողմից, ակնառու է մի բան՝ չկա նախկին համակարգը, սակայն չկա նաեւ ինստիտուցիոնալ համոզիչ պաշտպանության համակարգ, եւ այս իրավիճակում Գագիկ Ծառուկյանը հայտնվում է առանձնահատուկ դերում: Նա, անշուշտ, խորհրդանշական ֆիգուր է, եւ նրա քայլը տվյալ պարագայում, ըստ էության, ունենալու է ավելի նշանակալի իմաստ, քան այն, ինչնա արել է, օրինակ, ապրիլի 25-ին:
Բանն այն է, որ այժմ Ծառուկյանը Ազգային ժողով գալուց հրաժարվելով, ըստ էության, դնելու է ներքաղաքական զարգացումների նոր տրամաբանության հիմք: Մյուս կողմից՝ չանելով այդ քայլը, նա փաստացի անկախ մնացյալ գործարար պատգամավորների որոշումից պահպանելու է նախկին տրամաբանությունը եւ, ըստ էության, որոշակի պատասխանատվության տակ է մտնելու իր խորհրդանշականության ֆիգուր լինելու բերումով: Իսկ տվյալ պարագայում խնդիրն այն է, որ նոր իրավիճակում հին տրամաբանությունը հավասարազոր է երթեւեկությանը հանդիպակաց վարելուն, ըստ այդմ՝ դա նշանակում է նաեւ այդ հանդիպակաց վարելու համար ռիսկերի պատասխանատվություն:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: