Նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի. Փաշինյան
Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հաստատեց շրջանառվող տեղեկությունները և տեղեկացրեց, որ նախարարությունների թիվը կկրճատվի։
«Մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի», – հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։
Նրա խոսքով՝ կառավարման համակարգում անարդյունավետության և դանդաղաշարժության խնդիր կա, և «ամենապրիմիտիվ» հարցը լուծելու համար մարդը ստիպված է երկար սպասել։
«Չեմ ուզում թաքցնել, մենք ոչ թե խնդիր ունենք կրճատելու, խնդիր ունենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու: Այսօր մեր նախարարությունների թիվը շատ ավելին է, քան մենք օբյեկտիվորեն ունենք դրա անհրաժեշտությունը: Այո՛, մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի» հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ կրճատումների հարցում հավասարակշռված մոտեցում են ցուցաբերելու։
Նրա խոսքով՝ կառավարման համակարգի արդյունավետությունը փորձելու են բարձրացնել նաև թվայնացման միջոցով և դա համարելու են առաջնային խնդիր։
«Կառավարությունն ու նրա կառուցվածքը երևացող մասն է, բայց շատ ավելի չերևացող մաս կա։ Ունենք նախարարություններում վարչություններ և այլն, կառավարութանը զուգահեռ ունենք հիմնադրամներ, ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ նրանք երբեմն ավելի մեծ համակարգ են, ըստ էության, կառավարման ֆորմալ համակարգին զուգահեռ համակարգ ունենք: Մենք լրջորեն այս համակարգին անդրադառնալու ենք, մասնավորապես, 2019-ի բյուջեի քննարկման համատեքստում», – հավելեց Փաշինյանը։