Ցուրտը ստիպում է հավատալ ոչ թե հեռուստացույցի, այլ սառնարանի պարունակությանը. Իրավունք
Այս արտահերթին Աժ նախագահ Արա Բաբլոյանից, անշուշտ, երկաթյա նյարդեր պահանջվեցին, քանզի հակատրամաբանական շտապողականությամբ ԱԺ բերվեցին Ընտրական օրենսգրքի այնպիսի հիմնարար փոփոխություններ, որոնց նորմալ ընթացքով ընդունելու համար կպահանջվեր առնվազն 6 ամիս: Բայց միաժամանակ կա նաեւ հիսթերիաների հակված թավշակրոն վարչախումբ՝ իր վոժդով հանդերձ, որ դատարկ տեղից կարող է մեծ լարվածություն ստեղծել: Բայց նման է, որ ԱԺ նախագահին հաջողվեց իրականացնել իր առաքելությունը, եւ նրա կեցվածքը, կարծես թե, ասեր՝ «հանգիտ, առանց խուճապի»:
Երեկ՝ վաղ առավոտյան, ինչպես հաղորդում է կուսակցության եւ կառավարության օրգան «Հայկական ժամանակը», ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի 4 եղբայրներին: Իրավապահների պաշտոնական դիրքորոշումների մեջ խորանալու հարկ չենք տեսնում, քանզի եթե ձեւափոխենք հայտնի պատմաբան Լեոյի խոսքը, նրանց ասածին հավատալու համար ապուշ լինելը բավարար չէ, պետք է նաեւ հարբած լինել: Սակայն հերթական մասկի-շոուն վկայում է, որ եւ թավշակրոն վարչախումբը, եւ անձամբ նորին գերազանցություն վոժդը նյարդայնացած են:
Իսկ նյարդայնանալու պատճառ հաստատ ունեին: Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին եղել էր ռեկորդային ցածր մասնակցություն՝ 43 տոկոս: Ճիշտ է, թեեւ Արմավիրում եւ Էջմիածնում ՔՊ թեկնածուները հաղթել են, սակայն այնպիսի քվեներով, որոնք, մեղմ աած, այդ քաղաքների ամբողջ բնակչության կարծիքը չեն արտացոլում: Ընդ որում, լրահոսում կարելի էր տեսնել եւ հաղորդագրություններ՝ տարատեսակ ընտրախախտումների մասին: Բայց ամենակարեւորը՝ Կապանում ՔՊ թեկնածուն ջախջախիչ պարտություն կրեց: Եվ դա ոչ թե կոնկրետ այդ թեկնածուի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի պարտությունն է: Կիրառվել էր ողջ վարչական ռեսուրսը, Նիկոլն անձամբ Կապանում եկել էր՝ «դըմփ-դըմփ հու» անելու, այն էլ՝ մարզպետ կարգված ոստիկանական գեներալ Հունան Պողոսյանի հետ միասին, բայց… Պարտության նախադեպը փաստ է:
Այսինքն՝ ակնհայտ դարձավ, որ եւ Երեւանում, եւ մարզերում «ժողվարչապետը» վայելում է փոքրամասնության աջակցությունը: Ու հենց որ քաղաքացիները այլընտրանք են տեսնում (ինչպես եղավ Կապանում), անմիջապես գրանցվում է բարձր ընտրական ակտիվություն, եւ Նիկոլը պարտվում է: Իսկ առաջիկա անգամ երկու ամիսներին՝ մինչեւ դեկտեմբեր, Նիկոլի վարկանիշը կարող է միայն իջնել: Զորօրինակ, երեւանցիներին բացարձակ դուր չեկավ այն, որ անգամ 2800-ամյակի տոնակատարությանը մայրաքաղաքն էլի կորած էր աղբի մեջ, իսկ 82 տոկոսով ընտրված ծաղրածու քաղաքապետի հեչ վեջը չէր: Դե, իսկ ինչքան ցրտում է եղանակը, այնքան ավելի շատ քաղաքացիները հարկադրված են լինում հավատալ ոչ թե հեռուստացույցի, այլ սառնարանի պարունակությանը: Գումարած դրան, ահավոր կադրային սովից դրդված, վոժդը հարկադրված եղավ սկսել հին կադրերին բերելու գործընթացը (մասնավորապես՝ նույն Հունան Պողոսյանին) եւ ժողովրդին դեմ տալ բացատրություն, որ Սերժ Սարգսյանն այդքան երկար կարողացել է իշխանություն պահել, քանզի ներգրավում էր պրոֆեսիոնալներին: Դե ձեռքի հետ էլ, ժողովուրդը հանկարծ իմացավ, որ երկրում օլիգարխներ չկան, այլ կան ընդամենը սպիտակ ու պուպուշ «խոշոր գործարարներ»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: