23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալավերդցիները տեղյակ չեն՝ ինչի՞ պատճառով է գործարանը դադարեցրել աշխատանքները

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները սպասում են երկուշաբթի օրը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի միջև կայանալիք հանդիպմանը, որպեսզի տեսնեն, թե ի՚՞նչ լուծումներ են առաջարկվում, ի՞նչ է լինելու գործարանի ու իրենց ճակատագիրը:

Հոկտեմբերի 19-ին բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպել է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և հայտնել, որ Տիգրան Ավինյանի գրասենյակն անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ, և այժմ լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով:

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը հայտնել է, որ Սիսեռյանը վստահեցրել է՝ զբաղվում են հարցով ու փորձում լուծումներ գտնել:

«Պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի միչև երկուշաբթի բողոքի ակցիաներ տեղի չունենան»,- փոխանցեց Օլեգ Դուլգարյանը:

Հարցին՝ արդեն հստա՞կ է, թե որն է գործարանի փակման պատճառը, քանի որ խոսում են երկու՝ բնապահպանական և ֆինանսական խնդիրների մասին, «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամը պատասխանեց.

«Աշխատակիցները դեռ չգիտեն, թե գործարանն ի՞նչ պատճառով է դադարեցրել աշխատանքները: Սա շատ նուրբ հարց է: Ընկերությունը փորձում է թաքցնել բուն պատճառը, բայց ավելի շատ շեշտը դնում է բնապահպանական բաղադրիչի վրա, իսկ իրականությունն այն է, որ տեղի է ունենում գործարանը գրավի դիմաց «ՎՏԲ-Հայաստան» բանկին հանձնելու գործընթաց: «Թեղուտ» ՓԲԸ-ի դեպքում էլ բարձրաձայնում էին բնապահպանական խնդիրների մասին, բայց բանկը վերցրեց «Թեղուտը», քանի որ գումարի խնդիր կար. նման սցենար էլ այս գործարանի շուրջ է տեղի ունենում»:

Օլեգ Դուլգարյանի փոխանցմամբ՝ հետագա շահագործման համար գործարանը երկու կետ է ներկայացրել.

«Առաջինն արտանետումների ծավալները 7-8 անգամ ավելացնելու թույլտվությունն է ու տուգանքը չեղարկելը, իսկ երկրորդը Կառավարության կողմից «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ գործարանի հարաբերությունները կարգավորելն է: Արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնելու առումով ասեմ, որ 7-8 անգամ ավելացնելը ողջամիտ չէ: Այնպիսի պայման են առաջ քաշել գործարանում, որպեսզի այն ոչ մի ձևով ընդունելի չլինի»,- նշեց Օլեգ Դուլգարյանը:

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամը չի էլ ուզում պատկերացնել, թե ի՞նչ կլինի, եթե հարցը դրական լուծում չստանա:

«Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողների թիվը տատանվում է 620-650-ի սահմաններում: «Թեղուտում» ավելի մեծ թվով մարդիկ էին աշխատում, փակվելուց հետո որոշակի արտագաղթի ալիք տեղի ունեցավ, մի մասն էլ այլ աշխատանքի անցավ, իսկ այս դեպքում գործ ունենք մի խմբի հետ, որոնք, բացի պղնձաձուլարանում աշխատելուց, այլ տեսլական չունեն: Հնարավոր է՝ կրկին արտագաղթի ալիք լինի: Նշեմ, որ խախտվել են նաև աշխատողների իրավունքները: Վերջին օրերին են հայտնել, որ գործարանը փակվում է: Հոկտեմբերի 1-ին հանրային լսումների ժամանակ գործարանի տնօրինությանը հարց ուղղեցի, թե կա՞ վտանգ, որ գործարանն անցնի բանկին, ասացին՝ ոչ: Սակայն ամսի 8-ին պարզվեց, որ նման ռիսկեր կան, այսինքն՝ աշխատակիցների հետ անազնիվ են վարվել»,- նկատեց Օլեգ Դուլգարյանը:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ խնդիրների առջև է կանգնած: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն այլևս չի աշխատելու և արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ