Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քֆուրը և հանրային սպասելիքները.
Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը և այն վերածվեց հանրային դաշտում քաղաքական հարաբերությունների կարևոր գործիքի: Հանրային քֆուրը սահմանազատեց «մենք»-ին և «դուք»-ին: Քֆուր տվողը «ժողովուրդն» է, իսկ քֆուր «ուտողները» ժողովրդի թշնամիները:
Այս պարագայում կյանքը հստակ է, կան սևեր և սպիտակներ, իսկ ընտրությունների արդյունքները` կանխատեսելի: Սակայն վերջերս նկատվում է քֆուրների կտրուկ նվազում, ինչը ցույց է տալիս, որ կյանքը կորցնում է իր հստակությունը, իսկ ժողովուրդը գնալով ավելի վատ է կողմնորոշվում ձևավորվող իրականության մեջ: Դա ահազանգ է քաղաքական կազմակերպությունների համար, նաև` մարտահրավեր: Կարճ ասած, քվուրների ծավալի նվազումը հանրության շրջանում սկսված անորոշության ցուցիչ է: Փորձենք ավելի խորանալ երևույթի մեջ:
«Հայհոյանքը» արհեստական բառ է, որը չի արտահայտում մեր առօրյա կյանքի հույզերը, սպասելիքները, վախերն ու մտավախությունները, հիասթափությունը արտահայտող նեյրոլինգվիստիկ բառապաշարի էությունը: Արաբական «քֆուրը» ավելի խորքային եզր է: «Քֆուր» բառը առաջացել է արաբական քուֆր ( كفر — անհավատություն, թագցնել) բայից, որը իսլամում համարվում է ամենածանրագույն մեղքը: Քուֆրի, այսինքն անհավատության մեջ բացահայտված մարդուն անվանում են Քաֆիր, թուրքերենով` Գյաուր, այսինքն անհավատ: Իսլամում կա Մեծ Քուֆր (Քուֆր Աքբար) և Փոքր Քուֆր (Քուֆր Ասղար):
Մեծ Քուֆրի մեջ մեղադրվող անձի նախկինում արված ցանկացած լավ գործ զրոյացվում է և մեղադրվող անձը որևէ ներում և բեկում չունի: Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ի դեմ Մեծ Քուֆր էր սկսվել:
ՀՀԿ-ականները Քաֆիր էին, անհավատներ, իսկ ժողովուրդը հեղափոխական արժեքների կրող: Սակայն կարծես թե իրավիճակ է փոխվում, քֆուրները նվազել են, իսկ որակական առումով` դարձել ավելի խոհական, անորոշ, հասցեյատերերը` ոչ այնքան հստակ: Համայնքը անորոշության մեջ է հայտնվում: Հանրային քֆուրը հանրային սպասելիքների արտահայտությունն է, քֆուրի բացակայությունը` արժեքային կողմնորոշումների լղոզվածություն:
Հողափոխական արժեքները կարծես թե դառնում են անհասկանալի: Չկա քֆուր-նշանակում է՝ չկա հավատ, չկա վստահություն, կասկածի որդը բուն է դրել մարդկանց հոգիներում: Ժողովուրդը հստակություն է պահանջում և նոր թշնամիներ, իսկ առջևում ընտրություններ են»: