Երեկ դու դեռ ժողովուրդ էիր, իսկ հիմա ժողովուրդ չես. Հայոց աշխարհ
Նախօրեին, ելույթ ունենալով արմավիրցիների առջեւ, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում այսուհետ բոլոր ընտրություններում հաղթողը լինելու է ժողովուրդը։ Մեր ամենամեծ առաքելությունը ժողովրդի իշխանությունը վերականգնելն է մեր երկրում։ Հավատացեք, ժողովրդի իշխանությունն արդեն իսկ վերականգնված է»։
Դե, եթե արդեն կատարել եք ձեր ամենամեծ առաքելությունը եւ վերականգնել եք ժողովրդի իշխանությունը, ապա պարզապես անհասկանալի է, թե ինչու չեք հեռանում։ Մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա։
Բայց սա այնպես, իմիջիայլոց։ Իսկ մեր զրույցի հիմնական թեման «ժողովուրդն» է, որի հետ եւ որի անունից այդչափ սիրում է խոսել պաշտոնակատարը։
Թե ինչ բան է ժողովուրդ կոչվածը՝ ամենեւին ըմբռնելի չէ։ Դա կարծես յետի լինի, ձյունե մարդ. բոլորը խոսում են նրա մասին, ահա նույնիսկ ոտնահետքերը, բայց ոչ ոք ոչ մի անգամ նրան չի տեսել, այսպես ասած, ամբողջությամբ։
Երբ իրեն ժողովուրդ անվանող անձեւ ամբոխը դուրս է գալիս հրապարակ՝ վրդովվելու, ցանկություն է առաջանում հարցնել ամբոխից պատահաբար վերցրած որեւէ մարդու. «Դու ո՞վ ես։ Լավ, ո՞վ ես դու։ Իսկ մասնագիտությա՞մբ։ Դե, գուցե վարսավի՞ր ես։ Կամ ատաղձագո՞րծ։ Ուրեմն ինչո՞ւ չես գնում ու չես աշխատում»։ Եկեք, ի վերջո, խոսենք ոչ թե ժողովրդի անունից, այլ նախապես փորձենք պատասխան տալ ինքներս մեզ։ Սեփական արարքների համար։
Սեփական գործի։ Արդյունքների։ Հայտնագործեց, օրինակ, մարդը ինչ-որ օգտակար բան, նշանակում է՝ նա ժողովուրդ է։ Լավ տուն կառուցեց՝ ժողովուրդ է։ Ծառ տնկեց, ճանապարհը մաքրեց՝ ժողովուրդ է։ Երգ հորինեց, որը հետո բոլորը կերգեն, կրկին ժողովուրդ է։ Իսկ եթե ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ հինգերորդը, ոչ տասներորդը, ապա ներող կլինես, ոչ մի ժողովուրդ էլ չես։
Վա՞ղը կհայտնագործես, կկառուցես, կմաքրես, կկարես, կհորինես։ Վաղն էլ կանվանենք քեզ ժողովուրդ։ Եվ պետք չէ վկայակոչել երեկ չէ առաջին օրվա արժանիքներդ։ Երեկ դու դեռ ժողովուրդ էիր, իսկ հիմա ժողովուրդ չես։ Այսպիսի բաներ։
Ինչեւէ, լավ է, որ Փաշինյանը Արմավիրի քաղաքապետի ընտրություններից առաջ մեկնեց այնտեղ՝ իր թեկնածու Դավիթ Խադաթյանին աջակցելու նպատակով։ Երբ հեծելազորին տանկ է միանում, ապա ուրախանում են ոչ միայն հեծյալները, այլեւ ձիերը։
Այստեղ հարկ է նշել, որ ոչ միայն առաջնորդի, այլեւ նրա զինակիցների ճառերը ավելի ու ավելի են նմանվում Ավետարանի եւ բովանդակում վաղ քրիստոնեական բազմաթիվ պնդումներ։ «Դավիթ Խադաթյանը չունի կլան, նա թայֆայի ներկայացուցիչ չէ» («Եվ կրկին ասում եմ ձեզ. ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի անցքի միջով, քան հարուստը կմտնի Աստծո թագավորություն». ըստ Մատթեոսի)։
«Մեր պայքարը շարունակվում է, եւ վերջնական հաղթանակը մոտ է» («Համբերեք եւ դուք, ամուր պահեք ձեր սրտերը, քանզի մոտ է Տիրոջ գալուստը». ըստ Հակոբոսի)։ «Ով մեզ հետ չէ, նա հակահեղափոխական է» («Այդ հրավիրվածներից ոչ մեկը չի համտեսի Իմ ընթրիքը, քանզի շատ են հրավիրյալները, բայց քիչ՝ ընտրյալները». ըստ Ղուկասի) եւ այլն։
Չենք վիճում, խոսել մարդկանց հետ միտինգում «հեղափոխականները» կարողանում են, բայց այդուհանդերձ պետք չէ շփոթել ինչ-որ հրապարակում հավաքվածներին ժողովրդի հետ։ Դրանք միանգամայն տարբեր բաներ են։
Իսկ ամբոխի հետ խոսելու կարողությունը մեծագույն արվեստ է։ «Մայն կամպֆում» Հիտլերը գրել է. «Զանգվածների ընկալունակությունը չափազանց սահմանափակ ու թույլ է։ Ուշադրության առնելով դա, յուրաքանչյուր արդյունավետ քարոզչություն պիտի հանգեցվի անհրաժեշտ հասկացությունների նվազագույնին, որոնք պիտի արտահայտվեն մի քանի ստերեոտիպ ձեւակերպումներով»։
Այստեղ Հիտլերը օգտագործել է դեռեւս Մաքիավելիի գաղափարը. «Որքան ավելի մեծաթիվ է ամբոխը, որին դիմում ես, այնքան ավելի պարզ պիտի լինի ընկալման համար քո ճառը»։
Ֆյուրերը շարունակեց այդ միտքը. «Որքան համեստ է քարոզչության գիտական բալաստը, որքան բացառիկ կերպով է այն ուշադրության առնում միայն զանգվածի հույզերը, այնքան լիակատար է հաջողությունը»։
Այստեղից էլ առավել պարզ խոսքեր գտնելու, «հրապարակում» արտասանվող ճառը առավելագույնս պարզեցնելու նացիստական քարոզիչներին ուղղված պահանջը։ Եվ բազմիցս միեւնույն միտքը կրկնելու անհրաժեշտությունը։ Նույն մտքի «անվերջ կրկնության» սկզբունքը ձեւակերպված է «Մայն կամպֆում» որպես քարոզչության հիմքերից մեկը։
Գեբելսը 1940 թվականի հունվարի 3-ին գրառել է իր օրագրում. «Ֆրիչեն (գերմանական ռադիոհեռարձակման ղեկավարը) մինչ օրս չի հասկանում քարոզչության կրկնության անհրաժեշտությունը։ Պետք է անվերջ կրկնել նույն բանը՝ անվերջ փոփոխվող ձեւերով։ Ժողովուրդը հիմնականում չափազանց պահպանողական է։ Նրան պետք է լիովին ներծծել մեր աշխարհընկալմամբ՝ մշտական կրկնության միջոցով»։
Ամբոխի գիտակցության հետ մանիպուլյացիայի ժամանակ խաղը զգացմունքների վրա պարտադիր փուլ է։ Լեբոնը գրել է. «Զանգվածները միշտ էլ անհաղորդ են մնում խոսքի տրամաբանության նկատմամբ, սակայն նրանց վրա տպավորություն են գործում որոշակի բառերի եւ զգայական արտահայտությունների ծնած հուզական պատկերները»։
Նա առանձնակի ընդգծում էր, որ «բանականության դեմ իր հավերժական պայքարում զգացմունքը երբեք չի պարտվել»։
Հավանաբար այդ պատճառով էլ ամբոխի շրջանում առանձնակի հաջողություն են վայելում հոգեգարները։ Այդ մարդկանց խորին հավատը սեփական հալյուցինացիաների իրական լինելու նկատմամբ, տիրական ու գրավիչ պերճախոսությունը, որով նրանք արտահայտում են համոզմունքները, բնականաբար, ահռելի կարեւորություն են տալիս նման խելագարներին ամբոխի աչքում եւ վեր հանում ողջամիտ, բայց սովորական մարդկանց ընդհանուր մակարդակի համեմատ։
Ինչպես նշել է Լեբոնը, դառնալով ամբոխի մասնիկ, մարդը մի քանի աստիճան ցած է իջնում քաղաքակրթության սանդուղքով։ Մեկուսացված վիճակում գուցեեւ բարեկիրթ մարդ լիներ, ամբոխի մեջ նա բարբարոս է, այսինքն՝ բնազդային արարած։ Նրա մեջ բացահայտվում է կամայականության, մոլեգնության, վայրագության հակում։
Մարդն ամբոխի մեջ չափազանց հեշտությամբ է ենթարկվում խոսքերին ու պատկերացումներին, որոնք մեկուսի վիճակում ոչ մի ազդեցություն չէին գործի իր վրա եւ կատարում է սեփական ե՛ւ շահերին, ե՛ւ սովորություններին ակնհայտորեն հակասող արարքներ։ Անհատը ամբոխի մեջ ավազահատիկ է՝ քամու վեր հանած ու քշած բազում այլ ավազահատիկների մեջ։
Իսկ վերջում կցանկանայինք «հեղափոխականներին» տալ եւս մեկ, մեր կարծիքով՝ կարեւոր խորհուրդ։ Երբեք պետք չէ մոռանալ, որ ամբոխի տրամադրությունը խիստ փոփոխական է։
Այդ առումով հատկանշական է Ժան Ժակ Էլիզե Ռեկլյուի վկայությունը. «Մեզանից նրանք, ովքեր մարտնչել են Կոմունայի համար, ճանաչել են մարդկային ալեկոծության սարսափելի ալիքները։ Առաջավոր դիրքեր մեկնելիս մեր հետեւից հնչում էին սրտահույզ ողջույններ, մեզ ճանապարհողների աչքերին արցունքներ էին, կանայք քնքշորեն թափահարում էին թաշկինակները։
Բայց ինչպե՞ս դիմավորեցին երեկվա հերոսներին, երբ նրանք վերադարձան պարտությունից հետո։ Զգացմունքների եւ վերաբերմունքի ինչպիսի՜ փոփոխություն։ Ճիչերի եւ անեծքների ինչպիսի՜ բազմաձայնություն։ Ինչպիսի՜ կատաղություն՝ ատելությամբ լի խոսքերում :
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: