Տարոն Մարգարյանը պարգեւատրել է թատերական գործիչներին
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպվածընդունելության շրջանակում քաղաքապետը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է հայ թատերարվեստի գործիչներին: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկաներին ուղղված շնորհավորական իր խոսքում Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ բեմի ներկայացուցիչների դերը ազգային հոգևոր արժեքների պահպանման ու տարածման գործում:
՛՛Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու գնահատել է թատրոնը, որը ներառում է արվեստի կարելի է ասել բոլոր ճյուղերը: Թերևս նաև դրանում է բեմարվեստի այն ձգող ուժը, որ բոլոր ժամանակներում հանդիսատեսին միշտ թատրոն է բերում: Եվ դուք՝ ձեր արվեստի ուժով, ոչ միայն գեղագիտական հաճույք եք պատճառում հանդիսատեսին, այլև կրթում ու դաստիարակում եք նրանց՝ ձեր ուրույն նպաստը բերելով ինչպես հոգևոր արժեքների պահպանման ու տարածման, այնպես էլ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման գործում:
Քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն եմ մաղթում ձեզ, սիրելի արվեստագետներ: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակից է լինելու հայ արվեստագետին: Ու ես անկեղծորեն հպարտ եմ, որ մեր քաղաքում ապրում և արարում են բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, ովքեր դաստիարակում են նաև արժանի սերունդ՛՛, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ, Թատրոնի միջազգային օրվա առթիվ և Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՛՛Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ՛՛ հուշամեդալով պարգևատրել է բեմանկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանին, դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանին, սցենարիստ, ռեժիսոր Քրիստ Մանարյանին և դերասան, ռեժիսոր Լևոն Իվանյանին: Թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն