26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուտ կա, որ ճիշտ արժի, վախ կա, որ մահ արժի

Երեւանի ամենացավոտ խնդիրներից մեկը տրանսպորտն է, այն ուղղակի անտանելի է, զզվելի…Միայն առավոտյան հնամաշ, կեղտոտ երթուղային տաքսի կամ ծանրությունից մի կողմ թեքված ավտոբուս խցկվելուց ու մի ոտքի վրա աշխատավայր հասնելուց հետո կարելի է ատել  ամեն ինչ, աշխատանքն  էլ, քաղաքն  էլ, քաղաքապետին էլ…

Որ վիճակը սարսափելի է գիտեր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գիտի նաեւ նորընտիր քաղաքապետ Հայկ  Մարությանը, որն ի տարբերություն  նախորդի, խոստացել  է հեծանիվ քշել, ավտոբուս ու երթուղային նստել, որպեսզի հանրային տրանսպորտի օգտվելով՝  ժողովրդին, այսինքն՝ մեզ, մոտ լինի։ Վատ գաղափար չէ, գուցե վերջապես Երևանի քաղաքապետերից այս մեկը ինքն էլ զզվի ու լուծի խնդիրը։ 

Քաղաքապետ Մարությանը տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին խոսելիս ասել է, որ տարիներ առաջ ինքն էլ մասնակցել  է թանկացման դեմ պայքարին, բայց այն ժամանակ օբյեկտիվ  էր, որ ասում էին՝ մի թանկացրեք, հիմա օբյեկտիվ չէ։

«5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել  է, բացի տրանսպորտի գնից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էին՝ մի թանկացրեք, այս անգամ օբյեկտիվ չէ, որ չի թանկանում: Ինձ թվում է՝ նախորդ իշխանությունները վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար: Բայց միգուցե օբյեկտիվության պահ կա բարձրացնելու: Բայց կարեւոր է, որ պետք է փոխվի տրանսպորտը, նոր խոսենք գների մասին: Իսկ գները բարձրացնելը մենք պետք է միասին որոշենք», – հայտարարել  է նա:

Այս հայտարարությունից հետո  նորաթուխ քաղաքապետը  շտապել է Ֆեյսբուք ու գրել է, որ մեզանից մեկն է, միշտ մեր կողմից է։ «Սիրելի Երևանցիներ, նոր նկատեցի որ համացանցում տարածում են լուրեր, որ ես խոսել եմ տրանսպորտի թանկացման մասին:  Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար: Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը  չթանկանա: Հ.Գ. Հարգելիներս միշտ դիտեք տեսանյութը, և մի հավատացեք հոդվածների վերնագրերին: Հ.Գ.Գ. Համոզված եղեք` ես ձեզանից մեկն եմ և միշտ ձեր կողմից եմ: Շնորհավորանքների համար շատ շնորհակալ եմ !!!»:

Նոր Հայաստանում, փաստորեն դեռ հին Հայաստանի ավանդույթները լավ են սերտել։ Երբ որեւէ չոնովնիկ մի «բլթոց» էր անում, շտապում  էր հայտարարել, թե իր խոսքերն աղավաղել են կամ իրեն սխալ են հասկացել: Հիմա Հայկն էլ է հայտարարում, որ չհավատանք վերնագրերին, իրեն լսենք, իսկ ինքն ասում է. «Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էին՝ մի թանկացրեք, այս անգամ օբյեկտիվ չէ, որ չի թանկանում: Ինձ թվում է՝ նախորդ իշխանությունները վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար: Բայց միգուցե օբյեկտիվության պահ կա բարձրացնելու» ։ 

Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ տրանսպորտի հնարավոր թանկացման մասին անուղղակի հայտարարություն։ Գուցե Հայկոն ճիշտ է, գուցե իրոք օբյեկտիվ լինի թանկացումը։ Չենք կարող պնդել, մասնագետները կհաշվեն, կասեն, բայց մի բան ակնհայտ է. Հայկոն շտապեց Ֆեյսբուք, իսկ սա նշանակում է, որ հների պես նորերն էլ «նոր ալիք» – ից վախ ունեն։ 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ