Ժիրայր Սեֆիլյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
«Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնող խմբի անդամ, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ազատ արձակել ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ, ազատազրկման մեջ գտնվող Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին, որպեսզի նրանք հրաժեշտ տան իրենց ընկերոջը՝ Արայիկ Խանդոյանին։
«Հարգելի պարոն վարչապետ
Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են իրենց ընկերոջը և եղբորը՝ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից:
Մեր պետականությունը քայքայած և մեր ժողովրդին կեղեքած ռեժիմի մնացորդ դատավորը օրենքի տառի ձեռնածուական և երեսպաշտ մեկնաբանությամբ մերժեց նրանց այդ միանգամայն մարդկային իրավունքը:
Մինչդեռ նրանց պաշտպանները փայլուն կերպով ապացուցեցին, թե տվյալ պարագայում ինչու և ինչպես պետք է իրավունքը լուծի մեռած օրենքի տառը:
Դուք հեղափոխության առաջնորդն եք և ժողովրդից մանդատ եք ստացել երկրում վերահաստատելու իրավունքն ու արդարությունը:
Մեր պետականության և ազգի ապագայի համար կենսականորեն անհրաժեշտ է, որ Դուք օգտագործեք Ձեր քաղաքական ազդեցության և անուղղակի կառավարման մյուս բոլոր լծակները, որպեսզի ռեժիմի մնացորդները չշարունակեն ամեն քայլափոխի օրենքի տառը վկայակոչելով ոտնահարել դրանք:
Այս ոլորտում առկա ճգնաժամն հանգուցալուծելու ամենակարճ և արդյունավետ ձևը նախկին հանցավոր ռեժիմի և նրա կառավարած հակահայ ու հակամարդ համակարգի ամբողջական ու լիակատար իրավաքաղաքական գնահատականն է, որ մինչ օրս չի տրվել: Այդ գնահատականի օրգանական բաղադրիչը Սասնա Ծռերի հերոսական ապստամբության և մեր ժողովրդի զավակների այլ ընդվզումների իրավաչափության և խրախուսականության վերաբերյալ միանշանակ վերաբերմունքը պետք է լինի, որպեսզի դրանց մասնակիցները բռնապետական օրենքի տառին համապատասխան հետապնդվելու և ամբաստանվելու փոխարեն իրենց արժանի տեղն ու կարգավիճակն ստանան մեր հասարակության մեջ:
Հարգելի պարոն վարչապետ
Իրենց ընկերոջ և եղբոր հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելու՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի մարդկային իրավունքը կյանքի կոչելու Ձեր քայլը էապես կամրապնդի մեր ժողովրդի հավատն ու վստահությունը իրավունքի, արդարության և ապագայի հանդեպ, ինչը շատ կարևոր է ներկայիս զգայուն և փխրուն ժամանակներում:
Հարգանքով՝ Ժիրայր Սէֆիլյան»։
Նշենք, որ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը վաղն է՝ հոկտեմբերի 14-ին, Եռաբլուր պանթեոնում։