Կանադայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի և Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի ուղեկցությամբ այսօր առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ջասթին Թրյուդոն ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետև ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Կանադայի վարչապետն այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և այնտեղ կատարած շրջայցից հետո գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ջասթին Թրյուդոն Հայաստանում է պաշտոնական այցով։ Դրանից առաջ նա մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին:
Հիշեցնանք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ՀՀ վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Երեկ Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Կանադայի վարչապետն ասել է, որ հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ»: Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ: