“Պայքարելու ենք միայն հաղթանակի համար”. Վարդան Մինասյան
Մալթայում գտնվող Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ի երեկոյան նախախաղային մարզում է անցկացրել “Տա Կալի” մարզադաշտում, որից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Մալթայի ընտրանին շատ կազմակերպված թիմ է՝ համեմատելով անցյալում մեր թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումները:
Վարդան Մինասյանի կարծիքով, Մալթայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Պիետորո Գեդինին հաջողվել է ամուր և մարտունակ թիմ ստեղծել:
Անդրադառնալով կենտրոնական պաշտպանի դիրքին, Վարդան Մինասյանն ընդգծել է, որ այդ խաղային դիրքում մրցակցությունը թիմում աճել է: Այսօր հավաքականի կազմում ընդգրկված է չորս կենտրոնական պաշտպան, որոնց թվում են նորեկ Ալեքսը և Ռոբերտ Արզումանյանը, ով վերջապես պայմանգիր է կնքել ակումբային թիմի հետ: Մալթայի հետ խաղի համար մեր հավաքականի մարզչական շտաբը պետք է ընտրի երկու կենտրոնական պաշտպաններից կազմված օպտիմալ զույգը:
Վարդան Մինասյանն ևս մեկ անգամ նշել է, որ ինչպես ասել է ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում, հավաքականը բոլոր խաղերում հաղթանակ տանելու նպատակով է դուրս գալու խաղադաշտ: Իսկ յուրաքանչյուր խաղի համար կընտրվի այն մարտավարությունը, որը թույլ կտա Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակ տոնել: