Ողորմի՛ր, Աստվա՛ծ, մե՜ծ ողորմությամբ
Ողորմի՛ր, Աստվա՛ծ, մե՜ծ ողորմությամբ, որ լոկ Դո՛ւ ունես, և ըստ Քո բազում գթությունների՝ անօրենություններն իմ ջնջի՛ր ինձանից, վերացրո՛ւ իսպառ, քանի որ ամեն ժա՛մ ու ժամանակ չարչարո՛ւմ են ինձ: Առավե՛լ լվա անօրենություններիս ինձ տանջող ախտից, և իմ մեղքերից իսպա՛ռ ազատիր: Անօրենություններս ինքս ի՛նձնից գիտեմ, և իմ մեղքերը ամենա՛յն ժամ են իմ առջև դրված: Քո առջև՛ միայն մեղք գործեցի, Տե՛ր, և Քո՛ առջև ես չար բան արեցի: Դու արդա՛ր եղիր քո խոսքերի մեջ, և պիտի հաղթե՛ս, երբ դատո՛ւմ են քեզ: Անօրենությամբ մայրս հղիացավ, ինձ մեղքո՛վ ծնեց և աշխարհ բերեց:
Ճշմարտությո՛ւնը Դու սիրեցիր, Տե՛ր, անհայտ- ծածո՛ւկն ինձ՝ Քո իմաստությա՛մբ արեցիր հայտնի: Ցողի՛ր ինձ մշտուկով, և սո՛ւրբ կլինեմ, լվա՛ ինձ, և ես պիտի ավելի սպիտա՛կ լինեմ ճե՛պ ճերմակ ձյունից: Լսելի՛ արա ուրախությունն ու ցնծությունը, Տե՛ր, և պիտի ցնծա՛ն իմ ոսկորները անչա՛փ տառապյալ: Սուրբ Երեսդ ե՛տ դարձրու իմ մեղքից, իմ բոլո՜ր- բոլո՜ր անօրենությունները իսպառ Դո՛ւ քավիր: Սո՛ւրբ սիրտ հաստատիր իմ ներսում, Աստվա՛ծ, և ուղի՛ղ հոգի Ի՛նքդ նորոգիր իմ որովայնում: Ինձ մի՛ գցիր Քո արդար Երեսից, և Քո Սո՛ւրբ Հոգին մի՛ հանիր ինձնից: Տո՛ւր ցնծությունը, որ փրկությա՛մբդ է ինձ լինում միայն, և Քո Սուրբ Հոգով իշխանությա՛նդ մեջ պահի՛ր հաստատուն: Կսովորեցնեմ անօրեններին ճամփաները Քո, և Քե՛զ կդառնան ամբարիշտները` խոնարհումներո՛վ:
Արյունից փրկի՛ր, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ, Դո՛ւ, փրկությո՛ւն իմ, և այդժա՛մ պիտի իմ լեզուն ցնծա՜ Քո արդարությամբ: Եթե այդ պահին շրթունքս բանաս, բերանս պիտի օրհնություններդ երգի, ո՛վ Աստված: Կամենայիր` զո՛հ կմատուցեինք, բայց թե լա՛վ գիտենք` ողջակեզները Քեզ հաճելի՛ չեղան: Աստծուն հաճելի զոհաբերությունը խոնա՛րհ հոգին է. մաքուր, սո՛ւրբ սրտին և խոնարհ հոգուն Աստված երբևէ չի՛ արհամարհում: Տե՛ր, բարի՛ն արա Քո Սիոն սարին՝ Կամքի՛դ համաձայն, և միայն այդժամ պիտի կառուցվեն և պարիսպները Երուսաղեմի: Այն ժամանա՛կ էլ հաճելի կլինեն զոհաբերումնե՛րն այն, որ արդարությա՛ն համար են արվում, երբ ուխտի՛ համար հորթը բարձրացվի Սեղանի՛դ վրա՝ հանուն Քո Կամքի՝ զոհագործվելո՛ւ:
գրաբարից փոխադրությունը՝ Մ. Ոսկանյանի
Սաղմոս 50